3894 դիտում
10:00 11-03-2017
Կարեն Կարապետյանն այցելել է Սյունիքի մարզ, ծանոթացել մարզի զարգացման ծրագրերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Սյունիքի մարզ:
Կառավարության ղեկավարը նախ եղել է «Տաթևեր» ճոպանուղու տարածքում, որտեղ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել «Տաթևի դարպասներ» ներդրումային ծրագրի նախագիծը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է «Տաթևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի շրջակա տարածքում կառուցել «Տաթևի դարպասներ» համալիրը, որի մեջ կներառվեն տեղեկատվական, ժամանցային և սպասարկման ենթակառուցվածքներ ու ծառայություններ՝ նպաստելով այցելուների քանակի աճին, ծառայությունների տեսակների ավելացմանը և դրանց որակի բարձրացմանը:
Ըստ արդեն իսկ մշակված գլխավոր հատակագծի՝ ծրագրի առաջին փուլով նախատեսվում է ստեղծել այցելուների կենտրոն, ազգային խոհանոցն ու ավանդույթները ներկայացնող սննդի օբյեկտներ, հին ավանդական հայկական խաղերի և զվարճանքի կենտրոն: Ծրագիրը նախատեսում է 6 ռազմավարական ուղղությամբ շուրջ 95 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ, որի արդյունքում կստեղծվի մոտ 1500 նոր աշխատատեղ, իսկ տարածաշրջան այցելող զբոսաշրջիկների թիվը կքառապատկվի՝ հասնելով տարեկան 400 հազարի: Նշվել է, որ ծրագիրը հնարավոր է իրականացնել պետություն-մասնավոր համագործակցությամբ և «Տաթևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի հարակից տարածքում անհրաժեշտ է լուծել ենթակառուցվածքային խնդիրներ: Նախատեսվում է միջոցներ ներգրավել նաև միջազգային ֆինանսական կազմակերպություններից: Վարչապետը ողջունել է ծրագրի նախագիծը՝ առաջարկելով այն բերել վերջնական տեսքի և առաջիկայում առարկայական քննարկել կառավարությունում:
Այնուհետև Կարեն Կարապետյանն այցելել է Գորիսի հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոն, շրջայցի ընթացքում ծանոթացել այստեղ ստեղծված պայմաններին և մատուցվող բժշկական ծառայություններին: Նշվել է, որ 2013 թվականից գործող կենտրոնն ունի տարածաշրջանային նշանակություն՝ սպասարկելով Սյունիքի, Վայոց ձորի մարզերի և Արցախի բնակչությանը: Ժամանակակից սարքավորումներով հագեցած բուժհաստատությունը տարեկան միջինում սպասարկում է 1500 մարդու և կատարում 500 վիրահատություն:
Կարեն Կարապետյանը զրուցել է նաև հիվանդների հետ, ովքեր գոհունակություն են հայտնել կենտրոնի բժշկական ծառայությունների և սպասարկման որակից: Անդրադառնալով առողջապահության ոլորտում պետական պատվերի բաշխման հարցին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը նախատեսում է վերանայել քաղաքականությունն այդ ոլորտում և իրականացնել համակարգային բարեփոոխումներ:
Կառավարության ղեկավարը եղել է նաև մարզի Տեղ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում, շրջայց կատարել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ բացված «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում, որտեղ անվճար տեխնոլոգիական կրթություն կստանան ինչպես այս համայնքի, այնպես էլ հարակից բնակավայրերի դպրոցականները: Վարչապետին ներկայացվել է, որ եռաչափ տպիչով, համակարգիչներով և ռոբոտաշինության հավաքածուներով կահավորված ժամանակակից այս լաբորատորիայում աշակերտները կսովորեն ծրագրավորման և ռոբոտաշինության հիմունքներ:
Արտաժամյա դասընթացներից բացի, լաբորատորիայի սաները կմասնակցեն նաև մի շարք խրախուսական միջոցառումների, որտեղ կկիրառեն իրենց ձեռք բերած հմտությունները, կընդգրկվեն ավելի լայն և ստեղծագործական միջավայրում, կծանոթանան մյուս դպրոցների խմբակների աշակերտների աշխատանքներին: «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, որոնք մարզային համաչափ զարգացման նպատակով առաջնահերթ հիմնվում են մարզերում, գործում են ՀՀ-ի ու Արցախի շուրջ 200 դպրոցում:
«Արմաթ»-ում այժմ սովորում է ավելի քան 5 հազար դպրոցական: Կարեն Կարապետյանը կարևորել է տեխնոլոգիական կրթության շարունակական զարգացումը մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարող է դառնալ տնտեսության առաջընթացի շարժիչ ուժ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
6285 դիտում
12:20 19-03-2018
Կարեն Կարապետյանն Արմավիրի մարզում ծանոթացել է ջայլամաբուծության և պիստակի այգիների հիմնման ծրագրերին
2281 դիտում
20:32 23-03-2017
Կարեն Կարապետյանը ծանոթացել է «Գրանդ Քենդի» ընկերության զարգացման ծրագրերին
Այս բաժնից
865 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
970 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
700 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին