211652_close_icon

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են Կոտայքի մարզից ստացված գյուղոլորտին առնչվող ներդրումային ծրագրերը

views-count3977 դիտում article-date 23:12 20-02-2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր խորհրդակցություն ՀՀ Կոտայքի մարզից ստացված գյուղատնտեսության ոլորտին առնչվող ներդրումային ծրագրերը քննարկելու նպատակով: Խորհրդակցությունը վարում էր փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ից, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնից, Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամից, ծրագրերի շահառուներ և այլ պատասխանատուներ: Ռոբերտ Մակարյանը նշել է, որ Կոտայքի մարզից ստացվել է գյուղատնտեսությանն առնչվող թվով 5 ներդրումային ծրագրի առաջարկ: Ներկայացված ծրագրերի շրջանակում նախատեսվում է մարզում հիմնել ժամանակակից հիդրոպոնիկ եղանակով աշխատող ջերմոցային տնտեսություն, կաշվի և կաշվե իրերի գործարան գործարկել, այգիների կարկտապաշտպան համակարգերի համար երկաթբետոնե կուստրուկցիաների և հենասյուների արտադրություն կազմակերպել, հիմնել կաթի վերամշակման արտադրամաս և ստեղծել ուսումնաարտադրական կենտրոն` գետնախնձորից ինուլին և պեկտին ստանալու նպատակով : Պատասխանատուները շահառուների հետ համատեղ քննարկել են ներկայացված ծրագրերի ֆինանսական գնահատականները, նպատակահարմարությունն ու հիմնավորումները, ինչպես նաև ֆինանսավորման ուղղություններն ու աջակցության տարբերակները: Քննարկումների արդյունքում որոշվել է թվով 4 ծրագիր համապատասխան եզրակացություններով ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը, մեկը` լրամշակել, քանի որ շահառուն ծրագրում լրացուցիչ փոփոխություններ էր նախատեսել: [b] ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր