Թալիշ հասարակական-քաղաքական գործիչ Շահին Միրզոևը հանդիպեց համալսարանականների հետ
Փետրվարի 16-ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հյուրն էր Ադրբեջանի քաղաքացի, թալիշական շարժման անդամ, «Թալիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը, ով տեղաբնիկ ժողովուրդների հանդեպ իրականացվող կողմնակալ քաղաքականության, ճնշումների և մարդու իրավունքների ոտնահարման պատճառով քաղաքական ժամանակավոր ապաստան է ստացել Հայաստանի Հանրապետությունում:
Հյուրին ողջունեց Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ով ընդգծեց, որ հայ-թալիշական բարեկամական հարաբերություններըզարգացման նոր փուլ են թևակոխել:
«Հարկ է նշել, որ մենք գնահատում ենք թալիշ ընկերների հետ համագործակցության զարգացումը: ԵՊՀ իրանագիտության ամբիոնում բարձր մակարդակով ուսումնասիրվում են թալիշական լեզուն, գրականությունը և մշակույթը: Ներկայումս էլ ես և մեր մյուս մասնագետներըզբաղված ենք թալիշերենի դասագրքի մշակմամբ»,- նշեց ամբիոնի վարիչը և ներկաներին անկաշկանդ շփման ու զրույցի կոչ արեց:
Լրագրող Շահին Միրզոևը շնորհակալություն հայտնեց հայ ընկերներին հրավերի համար և նշեց, որ մայրենի լեզվով հեռուստատեսություն, ռադիո, թերթեր և դասագրքեր ունենալու պահանջն Ադրբեջանում անջատողականություն է համարվում, իսկ նրանք, ովքեր այդ մասին խոսում են, ազգի թշնամի են դառնում:
«Ադրբեջանական թալիշները փաստացի տեղեկատվական շրջափակման մեջ են: Եվ բոլոր նրանց, ովքեր փորձում են որևէ կերպ դիմադրել դրան, խիստ պատիժ է սպառնում: Դա է պատճառը, որ այսօր ես այստեղ եմ: Ինձ անչափ ուրախացնում է այն, որ Հայաստանումուսումնասիրվում ու պահպանվում է թալիշերենը, ինչը մենք Ադրբեջանում անել չենք կարող»,- ասաց Շահին Միրզոևը:
Համալսարանականները բավականին ակտիվ զրուցում էին հյուրի հետ, իսկ ուսանողներից ոմանք էլ նույնիսկ ադրբեջաներենով հարցեր էին պատրաստել, սակայն լրագրողը նախընտրեց հարցերին ռուսերենով պատասխանել:
«Կներեք, որ ռուսերենով եմ պատասխանում, ուղղակի ես խոստացել եմ ադրբեջաներենով երբևէ չխոսել, չնայած որ երեխաներիս հետ պարզապես ստիպված եմ այդ լեզվով խոսել, նրանք ծնվել ու մեծացել են Բաքվում: Ադրբեջաներենն ինձ համար մեռած լեզու է»,- նշեց Շահին Միրզոևը: