211652_close_icon
views-count13175 դիտում article-date 18:05 28-01-2017

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակը շնորհավորել են նրանք՝ ապրիլյան քառօրյա պատերազմի համալսարանական ուսանողները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

1991 թ.-ից ի վեր Հայոց բանակը կայացման և զարգացման փուլում էր: Տարիների ընթացքում այն դարձավ հզոր և անխախտ, որն ունակ է պաշտպանելու հայրենիքի սահմանները: Անցնող 25 տարիները, անխոս, եղել են ձեռքբերումների և մարդկային կորուստների տարիներ, բայց արի ու տես, որ այն արդյունք է միասնականության և հայրենասիրության… Այդ գործում կարևոր ներդրում ունեն նաև համալսարանականները, ովքեր, կիսատ թողնելով իրենց ուսումը, գնում են ծառայության, աչքի ընկնում ոչ միայն իրենց գիտելիքներով, այլև մարտական պատրաստվածությամբ: Հայոց բանակի կազմավորման 25-ամյակը շնորհավորել են նրանք՝ ապրիլյան քառօրյա պատերազմի համալսարանական ուսանողները… Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց բանակ: Փա՛ռք Հայոց բանակին, նրա զինվորին, զինվոր ծնած մայրերին ու հայ ժողովրդին: Յուրաքանչյուր երկրի զինված ուժերի գերագույն խնդիրը սեփական ժողովրդի անվտանգության ապահովումն է, իսկ այդ զինված ուժերի գաղափարախոսության հիմնական բովանդակությունը պետք է ուղղված լինի մեկ խնդրի լուծմանը` պաշտպանել հայրենիքի ամբողջականությունը և ազգային պետական շահերը: Միտքս ավարտեմ մեծն Գարեգին Նժդեհի խոսքերով` «Ժողովուրդները նախ և առաջ իրենց ամենաընտիր որդիների արյունով կսրբեն իրենց երկիրը և ապա սրբացած հողի վրա կբարձրացնեն շենքն իրենց անկախության: Այո´, նախ հերոսների և նահատակների գերեզմանատուն, ապա` ազատ և երջանիկ Հայրենիք»: Սևակ Մկրտչյան, Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 1-ին կուրս Հայրենիքը սկսվում է սահմաններից, իսկ այդ հայրենիքը պահում է մեր Հայոց բանակը: Տոնդ շնորհավո՛ր, Հայո՛ց բանակ։ Շնորհավորում եմ առաջին հերթին մեր սահմանապահ զինվորներին՝ ցանկանալով նրանց քաջառողջություն և խիզախություն: Հպարտ եմ, որ ծառայել եմ Հայոց բանակում: Այդ ընթացքում հասկացել եմ մի բան՝ խաղաղություն ունենալու համար պետք է պատրաստվել պատերազմի: Կցանկանայի, որ այս 25-ամյակը սկիզբ դներ մի նոր հույսի ու լույսի, որ էլ երբեք արցունք չհոսի զինվոր ծնած ծնողների աչքերից: Սարգիս Նիազյան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, 1-ին կուրս (ՀՀ պաշտպանության նախարարության կողմից արժանացել է «Մարշալ Բաղրամյան» գերատեսչական մեդալի) Մի քանի ամիս առաջ եմ ավարտել ծառայությունս, անցել որոշակի փորձությունների միջով: Ներկա պահին դիրքերում է նաև եղբայրս: Երկուսիս համար էլ միշտ կարևոր է եղել հայրենիքի հանդեպ պարտքը կատարելը: Շնորհավորում եմ նրան, ինչպես նաև բոլոր այն տղաներին, ովքեր այս պահին պահում են հայրենիքի սահմանները: Ցանկանում եմ նրանց բարի ծառայություն, խաղաղ երկինք ու ամենակարևորը՝ «դուխով» լինեն: Մենք ցանկացած պահի նրանց կողքին ենք: Այսօր մեր բանակը նրանցով է հզոր և նրանցով է հպարտ ողջ ազգը… Ես մասնակցել եմ ապրիլյան պատերազմին, և իմ մեջ դաջվել է այն գաղափարը, որ ինչ մերն է, չպետք է լինի ուրիշինը: Հիմա, ով ծառայում է Հայոց բանակում, շարժվում է այդ գաղափարով: Դրա համար է, որ մեր հայրենիքը հզոր և անսասան է: Շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ. պի՛նդ եղեք, տղե՛րք, մենք ձեզ սիրում ենք… Արթուր Սարգսյան, Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս (ՀՀ պաշտպանության նախարարության կողմից արժանացել է «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալի) Բանակային երկու տարիները տղայի համար կարող են լինել լավագույնն ու ամենահետաքրքիրը միայն սեփական դերն ու գործը արժևորելու դեպքում: Ուստի պետք է գնահատել ու պատասխանատվությամբ մոտենալ այն գործին, որին սրբորեն անդամագրվել եք։ Հայոց զինված ուժերին մաղթում եմ տոկունություն, բարձր մարտական պատրաստվածություն, մշտական կայուն բարոյահոգեբանական վիճակ և այս ամենի հետ միայն խաղաղություն: Կորյուն Սիմոնյան, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս (ՀՀ պաշտպանության նախարարության կողմից արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանի) Հունվարի 28-ը մեր անկախ Հայաստանի ամենահիշարժան և սուրբ տոներից մեկն է: Այն յուրաքանչյուր հայի համար կարևոր դերակատարություն ունի. չէ՞ որ արտացոլում է մի ողջ ազգի կյանք, ինչպես նաև արտահայտում ուժն ու սերը դեպի իր զինվորը: Հայ զինվորի անկոտրուն կամքի, ջանքի և արյան գնով ենք մենք հասել այս օրվան, այս պետության ստեղծմանն ու կայացմանը: Անկախ երկրի զինվոր և քաղաքացի լինելը կարևոր ու պատասխանատու կոչումներ են: Շնորհակալ և պարտավորված եմ երկրիս զինվորը լինելու, հայրենիքի հանդեպ պարտքս կատարելու համար: Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր և հիշարժան տոնի կապակցությամբ… Տիգրան Պետրոսյան, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, 1-ին կուրս Շնորհավորում եմ մեր բանակի կազմավորման 25-ամյակը: Մաղթում եմ խաղաղություն, որն ամենակարևորն է: Փառք այն տղաներին՝ իմ ընկերներին, ովքեր, պատերազմի ժամանակ գտնվելով կողքիս, իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի: Մեծ ուշադրության են արժանի այն տղաները, ովքեր հայրենիքի պաշտպանության համար մեծ ներդրում ունեն… Մարտին Բաղդասարյան, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս (ՀՀ պաշտպանության նախարարության կողմից արժանացել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանի)
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր