211652_close_icon
views-count3193 դիտում article-date 20:26 18-01-2017

Հրանտ Դինքի երկրային կյանքը դեպի հավիտենականություն հաղթական շարունակվում է. Գուգարաց թեմի Առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան

[b]Ի ՀԻՇԱՏԱԿ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ Ձայնազուրկների արժանապատիվ ձայնը..[/b] Լրացավ տասը տարին, երբ, ըստ էության, գիտակցված ինքնազոհության ճանապարհ ընտրած Հրանտ Դինքը սպանվեց թիկունքից, դավադիր գնդակից: Եվ սակայն պետք է ասել, որ անցնող ժամանակը ի զորու չեղավ մոռացության տալու ո’չ տաղանդավոր լրագրողի անունը, և ո’չ էլ նրա գործն ու համամարդկային գաղափարները: Շնորհիվ այդ գաղափարների Հրանտ Դինք անունը իրոք դարձավ հանուն արդարության և ընդդեմ ռասիզմի, ազգայնամոլության պայքարի խորհրդանիշ ոչ միայն Թուրքիայում, այլև աշխարհի տարբեր վայրերում: Դրա առարկայական ապացույցներից և օրինակներից կարող ենք համարել նաև այն փողոցները, այգիները, դպրոցները և հիմնադրամները, որոնք կրում են Հրանտ Դինքի անունը և սփռված են աշխարհի տարբեր երկրներում: Եթե արդեն տարիների հեռավորությունից նայում ենք Դինքի ընտրած ուղղուն և պայքարի նպատակներին, ապա կարող ենք հստակ նշել, որ դրանք բոլորն էլ քաղաքակիրթ մարդկության արժեհամակարգում իրենց ամուր տեղը գրաված արժեքներն են: Լինելով հայ, Հրանտը չէր պայքարում միայն հայերի հանդեպ գործված անարդարությունների դեմ. իր կյանքի և գործունեության սիրելի պտուղը` Ակօսը, հարթակ էր ցանկացած տիպի անարդարության դեմ պայքարի: Այն դարձավ ձայնազուրկների արժանապատիվ ձայնը և ճնշվածների իրավունքների պաշտպանը: Անկասկած Դինքը այդ ամենը անում էր նաև ավելի լավ Թուրքիա ունենալու համար, այսինքն` Դինքը նաև լավ քաղաքացի էր, ով ցանկանում էր, որ այն երկիրը, որտեղ նա ապրում է հարգի այդ հողերում դարերով ապրած և հոգևոր ու նյութական հսկայական մշակութային ու այլ արժեքներ ստեղծած ժողովուրդներին: Ի վերջո, Դինքի բարձրացրած խնդիրները այսօր Թուրքիայում և թե Մերձավոր Արևելքում էլ ավելի են սրվել և Յաշար Քեմալի խոսքին համաձայն` բռնության դաշտում բռնություն կբուսնի: Աշխարհի տարբեր երկրներ բախվել են ահաբեկչության չարիքի հետ և դրա հիմքը հենց կրոնական, ազգային թշնամանքն է: Արդիական են նաև Թուրքիայի հայ համայնքի և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների խնդիրները, որոնց Հրանտը բազմիցս անդրադառնում էր: 10-ամյա տարելիցը նաև առիթ է որոշակի ամփոփումներ կամ արդյունքներ ի մի բերելու համար: Դրանցից ամենակարևորը ինձ համար այն է, որ Հրանտի գաղափարները գտել են համախոհների ավելի լայն զանգվածներ: Ի վերջո, տարբեր շահարկումների տեղ տված հայտնի լոզունգը` «Մենք բոլորս Հրանտ ենք», այսօր կոնկրետ դրսևորոմներ ունի: Ուրախությամբ պետք է ասեմ, որ հենց նույն Թուրքիայում տարբեր ոլորտներում խնդիրներ բարձրաձայնող մարդկանց, անարդարության դեմ պայքարողների, մամուլում բացահայտ հանդես եկողների, թափուներ կոտրող գիտական ուսումնասիրություններ անողների, հեռուստաբանավեճերի, քննարկումների թիվն ավելացել է: Այսինքն` «Մենք բոլորս Հրանտ ենք» խորհրդանշական լոզունգը չմնաց լոկ որպես լոզունգ, այլ ձեռք բերեց թեկուզ փոքր ծավալներով, սակայն կիրառման ոլորտներ: Եվ ազգայնամոլներին ամենակարևոր պատասխանը այն է, որ «Հրանտ ենք» ասողների մեջ ամենևին ոչ բոլորն են հայեր, այդ լոզունգի տակ հավաքվել և հիմա էլ գործունեություն են ծավալում թուրքեր, քրդեր, չերքեզներ, ասորիներ, հույներ, լազեր, վրացիներ և բազմաթիվ այլ ժողովուրդների ներկայացուցիչներ, որոնք պայքարում են ավելի լավ, ավելի արդար և ռասիզմից հեռու Թուրքիայի և աշխարհի համար: Ակնհայտ է նաև, որ Դինքի անունը շարունակում է նոր ուժ տալ այդ պայքարին: Որպես հոգևորական հավատում եմ, որ Հրանտի երկրային կյանքը դեպի հավիտենականություն հաղթական շարունակվում է: Որպես քրիստոնյա դեմ լինելով կուռքերի` վստահորեն պնդում եմ, որ անցնող տարիներին նրա գաղափարակիցների շնորհիվ ոչ թե Դինքի անձը դարձավ կուռք, այլ նրա գաղափարը և հավատամքը ձեռք բերեց ավելի մեծ հետևորդներ: Երջանիկ է մարդը, ով մահից հետո էլ ապրում է մարդկանց հիշողություններում, սակայն էլ ավելի երջանիկ է մարդը, ում կյանքի գլխավոր իդեալը, գաղափարը իր մահից հետո և իր իր մահի շնորհիվ էլ ավելի ընկալելի և տարածական է դառնում: Սիրելի Հրանտ, աղոթում եմ, հոգուդ խաղաղության համար և խնդրում Բարձրյալից, որ քեզ ու քո գաղափարների հանդեպ հավատքը խորհրդանշող աղավնիները շարունակեն իրենց խաղաղ թռիչքը, որպես Աստծո, խաղաղության, ճշմարտության և բարու ավետաբերներ: [b] Միշտ աղոթող` Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան Առաջնորդ Գուգարաց թեմի[/b]

Նմանատիպ նյութեր