211652_close_icon
views-count11252 դիտում article-date 10:39 30-12-2016

Համախմբվենք, որ ազգովի կարողանանք դիմակայել ամեն տեսակի մարտահրավերներին. Մանվել Գրիգորյանի Ամանորի և Սուրբ Ծննդի շնորհավորական ուղերձը

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը Ամանորյա և Սուրբծննդյան տոների առթիվ ուղերձ է հղել հայ ժողովրդին, որում ասվում է. «Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ համայն հայությանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում մեր ժողովրդին բարօրություն, համախմբում, միասնություն: Համախմբում, որ ազգովի կարողանանք դիմակայել ամեն տեսակի մարտահրավերներին, միասնություն, որ միասնական ջանքերով հասնենք մեր համընդհանուր բարօրությանն ու իղձերի իրականացմանը: Շնորհավորում եմ Հայաստանում ապրող մեր ժողովրդին, ցանկանում ամուր հավատ եւ վստահություն վաղվա օրվա հանդեպ: Շնորհավորում եմ արցախահայությանը, մաղթում անկոտրում կամք եւ հավատ սեփական ճակատագրի հարցում: Շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը, մաղթում դժվարագույն պայմաններում տոկունություն ինքնության պահպանման հարցում: Շնորհավորում եմ հայոց բանակին՝ սահմանապահ զինվորից պաշտպանության նախարար ու գերագույն գլխավոր հրամանատար: Մեր բանակն է մեր եւ տարածաշրջանի խաղաղության երաշխավորը: Մեր բանակը հզոր է, պաշտպանունակ, սակայն, թշնամին նենգ է, եւ երբեմն ոսոխի դիվերսիոն թափանցման փորձերը կանխելիս նաեւ զոհեր ենք ունենում: Հարյուրից ավելի զոհ ունեցանք միայն այս տարվա ապրիլյան պատերազմի օրերին, երբ դավադիր թշնամին լայնամասշտաբ հարձակման անցավ Արցախի սահմանների ամբողջ երկայնքով: Մենք կարողացանք պատժել ազերիների հանդգնությունը, սակայն, ցավալի զոհեր ունեցանք: Ես ներողություն եմ խնդրում այդ հերոս տղաների մայրերից: Ներե՛ք մեզ, թանկագին մայրեր, եթե կարող եք եւ վստահ եղեք, որ ձեր զավակներն, ընտրելով գիտակցված մահն, անմահացել են: Նրանք երկնքից էլ հսկում են մեր, մեր զավակների անդորրը: Այդ հրաշալի, քաջ տղաների օրինակով ենք մենք դաստիարակում պատանի, երիտասարդ երկրապահներին: Շնորհավորում եմ հերոսներ ծնող հայոց հերոս մայրերին, կանանց, մեր քույրերին, դուստրերին, որ հաստատուն մնան իրենց առաքելության մեջ: Առանձնահատուկ շնորհավորանքներս նոր սերնդին, որ եռասերունդ երկրապահի դրոշը մեկնած՝ ընթանում է առաջ: Շնորհավորում եմ Երկրապահին, մաղթում սեփական առաքելության հանդեպ հաստատուն հավատ եւ բեղմնավոր գործունեություն: Մենք պատմական առաքելություն ունենք: Անցած տարին մեզ համար լեցուն էր բազմաբնույթ հաջողություններով եւ դժվարին մարտահրավերներով: Շարունակելով համընդհանուր ջանքերով կարգավորել մեր առջեւ դրված խնդիրները` մենք շարունակեցինք նաեւ հուշագրերի ստորագրումը, որպեսզի համատեղենք մեր ընդհանուր ջանքերը հանուն մեր երկրի ու պետականության հզորացման: Շնորհավորում եմ Երկրապահի գործընկեր կառույցներին, հատկապես՝ գործակցության հուշագրեր ստորագրած կառույցներին։ Եվս անգամ շնորհավորում եմ համայն հայությանը, հայոց բոլոր մայրերին, մեր Մեծ մորը` Գրետա մայրիկին, հերոսներ ծնող մեր բոլոր մայրերին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ու մաղթում առողջություն, արեւշատություն: Դարձյալ շնորհավորանքներս արցախահայությանը: Համոզված եղեք, հարգելի՛ արցախցիներ, որ եռասերունդ Երկրապահը միշտ ձեր կողքին է, եւ ոչ միայն այսօր, այլեւ՝ առհավետ: Թող այս Նոր Տարին ավելի լուսավորի մեր հոգին ու ապրենք երկրի եւ պետության հանդեպ մեր պարտքը սրբորեն կատարելով: 2017 թվականի հետ բազում հույսեր ենք կապում, որոնք կիրականանան, քանի որ մեր ազգը կգործի միասնությամբ»։

Նմանատիպ նյութեր