211652_close_icon
views-count780 դիտում article-date 13:01 30-12-2014

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ, որում, մասնավորապես, ասված է՝ «Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ամանորի և Սուրբ ծննդի տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ երկինք, առողջություն և ներդաշնակ կյանք: Դարեր ի վեր հայ ժողովուրդը նոր տարին դիմավորել է այնպիսի ավանդույթներով, որոնց հիմքում ընկած են անցյալն ամփոփելն ու արժեվորելը և նորի սպասումը: Ա՛րդ, թո՛ղ անցնող տարին իր հետ տանի անհաջողությունները, իսկ հաջողությունները, ուժն ու եռանդը փոխանցի 2015 թվականին: 2014 թվականը վայրիվերումների տարի էր մեր հայրենիքի համար՝ վտանգներով ու հնարավորություններով լեցուն: Սակայն, անկախ հակառակորդի ոտնձգություններից, հայոց աշխարհում շարունակում է թևածել խաղաղությունը՝ շնորհիվ մեր զինվորի ամրության: Մեկ այլ ձեռքբերում է Արցախում գրանցված շուրջ 9 տոկոս տնտեսական աճը, որն անխուսափելիորեն ազդեցություն ունի ԼՂՀ քաղաքացիների կենսամակարդակի որակի բարձրացման վրա 2015 թվականին ևս նախատեսում ենք պահպանել տնտեսական աճի առաջանցիկ տեմպերը՝ որպես գլխավոր նպատակ ունենալով բնակչության բարեկեցությունը: Տարեցտարի զարգացնելով Արցախի տնտեսությունը՝ մենք կերաշխավորենք ցանկալի ապագայի գոյությունը՝ հենված զարգացման և անվտանգության վրա: Այդ ճանապարհին յուրաքանչյուր հայ իր նշանակալի դերակատարումը կարող է ունենալ Արցախի շենացման գործում: Սիրելի՛ բարեկամներ, ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս և բարեմաղթանքներս՝ տարեմուտի և Սուրբ ծննդի առթիվ: Ձեր ընտանիքներում սերն ու համերաշխությունը թո՛ղ անպակաս լինեն»: ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր