211652_close_icon
views-count3116 դիտում article-date 22:14 31-12-2015

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շուտով կհնչեն Ամանորի և Սուրբ ծննդի գալուստն ավետող զանգերը՝ հուշելով բոլորիս դիմավորել նոր տարին նոր սպասումներով, հույսերով և ծրագրերով: Տարեմուտը դարեր շարունակ եղել է ճամփաբաժան հնի ու նորի, երազանքի ու գործի միջև, որը հնարավորություն է տալիս մեզ ամփոփել անցածը և պատրաստվել ապագային: Անցնող տարում հայ ժողովուրդը շարունակել է իր ստեղծարար գործունեությունը, գրանցել նոր հաջողություններ, որոնցից անմասն չի եղել նաև Արցախի Հանրապետությունը: Տարին ամփոփում ենք ՀՆԱ-ի շուրջ 9 տոկոս աճով, որն իր դրական ազդեցությունն է թողնում արցախցու բարեկեցության վրա: Այնուհանդերձ, քաջ գիտակցում ենք, որ դեռևս ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար պետք է շարունակենք աշխատել ավելի ջանասիրաբար, համախմբված և փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտում: Մենք ջանք չենք խնայել հայոց բանակի մարտունակությունն ամրապնդելու կարևորագույն գործում: Առաջնագիծն առավել անհանգիստ էր, սակայն հայրենիքի սահմանները մնացել են անառիկ՝ հայ զինվորի տոկուն ոգու և ամուր բազկի շնորհիվ: Դժբախտաբար, ունեցել ենք ծանր ու անդառնալի կորուստներ. Փա՛ռք ու պատիվ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիներին: Համոզված եմ, որ գալիք տարում նորանոր ձեռքբերումներ ենք ունենալու հայրենիքի զարգացման և անվտանգության ապահովման ճակատներում: Ա՛րդ, Ամանորի և սուրբծննդյան տոների կապակցությամբ իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում ձեզ՝ մաղթելով խաղաղություն, միասնական և կուռ ոգի համազգային նշանակության բոլոր ձեռնարկումներում: Թո՛ղ ամանորյա հրաշքները, Աստծո աջն ու ընտանեկան ջերմությունն ուղեկից լինեն ձեզ 2016 թվականի ողջ ընթացքում»:

Նմանատիպ նյութեր