211652_close_icon
views-count927 դիտում article-date 16:27 13-12-2016

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն

Դեկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն: Նորին Սրբությունը, ողջունելով տիար Մ. Պիոտրովսկու հերթական այցը համայն հայության հոգևոր կենտրոն, իր հայրապետական օրհնությունը բերեց և շնորհավորեց վերջինիս Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս ընտրվելու կապակցությամբ: Անդրադառնալով Մայր Աթոռի թանգարանների և Պետական Էրմիտաժի միջև ձևավորված սերտ համագործակցությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքի խոսք ասաց Էրմիտաժի տնօրենին Հայ Եկեղեցու պատմական սրբազան արժեքների վերականգնման և պահպանման գործում Մայր Աթոռ Ս. Էջմիածնին ցուցաբերվող աջակցության, մասնագիտական խորհրդատվության և Մայր Աթոռի թանգարանների աշխատակիցների վերապատրաստման համար: Այնուհետև Մ. Պիոտրովսկին ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը` իր հերթին պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտ զորակցությունը ցուցաբերելու Մայր Աթոռ Ս. Էջմիածնին ազգային-հոգևոր արժեքների պատշաճ պահպանության գործում: Զրույցի ընթացքում Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը և Մ. Պիոտրովսկին քննարկեցին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հաստատման 300-ամյակի առիթով 2017 թվականին Էրմիտաժում համատեղ ցուցահանդես կազմակերպելու հարցը: Ընդառաջ ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրենի առաջարկին որոշվեց նաև «Էրմիտաժի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում մի շարք միջոցառումներ և վարպետության դասեր անցկացնել Ս. Էջմիածնում: Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը, վերստին ընդգծելով Միխայիլ Պիոտրովսկու բարի վաստակը, մաղթեց, որ Աստված մշտապես Իր հովանու ներքո պահի ու պահպանի նրան: Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արխիվի և թանգարանների տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր