211652_close_icon
views-count2051 դիտում article-date 16:44 12-12-2016

Տարոն Մարգարյանը Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն: Հանդիպմանը մասնակցել է նաև Միխայիլ Պիոտրովսկու որդին՝ Բորիս Պիոտրովսկին: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Երևան այցելելու համար և համոզմունք է հայտնել, որ Պիոտրովսկիների այս այցը երկար կմնա նրանց հուշերում: «Այսօր միասին կմասնակցենք նաև Ձեր հոր՝ Բորիս Պիոտրովսկու հիշատակը հավերժացնող հուշատախտակի հանդիսավոր բացմանը: Համոզված եղեք, որ սա գնահատանքի յուրովի դրսևորում է գիտական այն մեծ աշխատանքի ու ներդրման համար, որն իրականացվել է Ձեր երջանկահիշատակ հոր կողմից՝ հայոց պատմության ուրարտական ժամանակաշրջանը ներկայացնելու ուղղությամբ: Առիթն օգտագործելով նաև իմ շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ՝ Էրմիտաժում հայկական մշակութային արժեքների նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության և հատուկ վերաբերմունքի համար»,- նշել է քաղաքապետը: Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին իր հերթին նշել է, որ Երևանն իսկապես հարազատ տուն ու օջախ է իր համար: «Պարոն քաղաքապետ, թեև ես Հայաստանում չեմ ապրում, սակայն ամուր թելերով եմ կապված Երևանի հետ, որն իմ ծննդավայրն է: Անկեղծորեն շնորհակալ եմ, որ այստեղ շարունակում են գնահատել հորս ունեցած վաստակը, ինչի վառ ապացույցը նաև այսօր բացվող հուշատախտակն է: Համոզված եմ, որ հորս հիշատակը հավերժացնող յուրովի այդ անկյունը առանձնահատուկ խորհուրդ և նշանակություն կունենա նաև Պիոտրովսկիների բոլոր սերունդների համար», - նշել է Միխայիլ Պիոտրովսկին: Այնուհետ, հայկական մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած բազմամյա ավանդի և համաշխարհային մշակութային արժեքների պահպանման և տարածման գործում ունեցած մեծ վաստակի համար, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Միխայիլ Պիոտրովսկուն պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով:

Նմանատիպ նյութեր