ԱՄՆ-ն սխալմամբ հարվածներ է հասցրել իրաքյան բանակին. կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը Իրաքի Մոսուլ քաղաքում սխալմամբ կրակահերթ են արձակել իրաքյան բանակի ուղղությամբ, հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ հղում անելով իրաքյան բանակի գլխավոր տաբի բարձրաստիճան աղբյուրին։
Ria Novosti-ի փոխանցմամբ՝ հարվածների հետևանքով զոհվել է մոտ 90, վիրավորվել՝ 100 մարդ։ Բացի մարդկային զոհերից, մեծապես վնասվել է իրաքյան բանակի ռազմտեխնիկան։ Իրաքցի զինվորականները ստիպված են եղել նահանջել։ Նահանջի հետևանքով մի քանի տասնյակ զինվորականներ գերի են ընկել գրոհայինների մոտ։
Հիշեցնենք, որ Մոսուլի ազատագրման մեծ օպերացիան սկսվել է հոկտեմբերի 17-ին։ Նրանում ներգրավված են ինչպես իրաքյան բանակը, այնպես էլ քրդական փեշմերգի, տարբեր ընդդիմադիր խմբավորումները և ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիոն ուժերը։