211652_close_icon
views-count4086 դիտում article-date 22:27 08-12-2016

Աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերեզովսկին Երևանում հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով

Ս. թ. դեկտեմբերի 12-ին և 13-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթներով հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերեզովսկին: Դեկտեմբերի 12-ին դաշնակահարը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ. կկատարի Պ. Ի. Չայկովսկու N 2 դաշնամուրային կոնցերտը, որից հետո ՀԱՖՆ-ը կներկայացնի Սիբելիուսի N 2 Սիմֆոնիան: Դեկտեմբերի 13-ին, Բորիս Բերեզովսկին հայ ունկնդրին կներկայացնի դաշնամուրային երկացանկի եզակի ծրագիր. կհնչեն Բ. Բարտոկի` Սոնատը և 3 Էտյուդները, ինչպես նաև, Ֆ. Լիստի` 12 Էտյուդները: Բորիս Բերեզովսկին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում` Էլիսո Վիրսալաձեի դասարանում: 1988 թվականին Լոնդոնի «Վիգմոր հոլ» համերգասրահում տված իր առաջնելույթից հետո «Թայմզը» որակել է նրան որպես «շլացուցիչ վարպետության և ահեղ կարողության տեր երաժիշտ»: Երկու տարի անց` 1990 թվականին նա հաղթել է Մոսկվայում կայացած Չայկովսկու միջազգային մրցույթում: Բորիս Բերեզովսկին հանդես է եկել որպես մենակատար հեղինակավոր նվագախմբերի և այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են` Կուրտ Մազուրը, Չարլզ Դուտոն, Վոլֆգանգ Զավալիշը, Վլադիմիր Աշկենազին, Ալեսանդր Լազարևը, Էնդրյու Լիտտոնը, Միխայիլ Պլետնյովը, Անտոնիո Պապպանոն և այլք: Թողարկել է նշանակալի թվով ձայնագրություններ, որոնք ներառում են Շոպենի, Շումանի, Ռախմանինովի, Մուսորգսկու, Բալակիրևի, Մետների, Ռավելի ստեղծագործությունները:

Նմանատիպ նյութեր