211652_close_icon
views-count5505 դիտում article-date 13:01 02-12-2016

Իմ երկար ու բարդ ճանապարհը. պատմում է Հենրիխ Մխիթարյանը. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը The Players Tribune հայտնի օնլայն ամսագրին պատմել է իր ֆուտբոլային կարիերայի, կյանքի, ընտանիքի հետ կապված առավել հիշարժան դրվագների մասին, հայտնում է Totoexpert-ը: «Իմ ամենավաղ հիշողություններից մեկն այն է, թե ինչպես եմ խնդրում հորս` Համլետին, ինձ իր հետ մարզման տանել իր ֆրանսիական ակումբում: Երևի հինգ տարեկան էի: 80-ականներին` մինչև իմ ծնվելը, հայրիկս խաղում էր խորհրդային բարձրագույն լիգայում մեր հայրենիք Հայաստանում: Նա փոքրամարմին, բայց շատ արագաշարժ հարձակվող էր: «Սովետական զինվոր» թերթը 1984 թվականին նրան անգամ պարգևատրել է «Հարձակման ասպետ» մրցանակով: 1989-ին, երբ ես փոքր երեխա էի, մենք տեղափոխվեցինք Ֆրանսիա: Հայրս հինգ տարի խաղաց «Վալանսում»` Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում: Ես միշտ լաց էի լինում, երբ նա գնում էր մարզման: Ամեն առավոտ ասում էի. — Հայրի´կ, ինձ հետդ տար: Խնդրում եմ, խնդրում եմ, ինձ հետդ տար: Այդ տարիքում ինձ ֆուտբոլը դեռ այդքան էլ չէր հետաքրքրում, ուղղակի ցանկանում էի հորս հետ լինել: Բայց նա չէր ցանկանում ցրված լինել մարզման ժամանակ` մտածելով, որ հանկարծ հեռու չվազեմ, այնպես որ ինձ միամտեցնելու համար խելացի ծրագիր մշակեց: Մի առավոտ ես ասացի. — Հայրի´կ, ինձ հետդ տար մարզման: Նա ասաց. — Ոչ, ոչ, այսօր մարզում չկա, Հենրի´խ: Ես սուպերմարկետ եմ գնում: Շուտ կվերադառնամ: Նա գնաց մարզման, իսկ ես սպասում էի ու սպասում: Վերադարձավ մի քանի ժամ անց առանց գնումների: Ես սկսեցի լաց լինել: — Դու խաբեցիր ինձ: Սուպերմարկետ չէիր գնացել: Գնացել էիր ֆուտբոլ խաղալու: Հորս հետ անցկացրած ժամանակս իմաստալից էր, բայց կարճ: Երբ վեց տարեկան էի, ծնողներս ասացին ինձ, որ վերադառնում ենք տուն` Հայաստան: Ես այնքան էլ չէի հասկանում, թե ինչ էր կատարվում: Հայրս դադարել էր ֆուտբոլ խաղալ և ամբողջ ժամանակ տանն էր: Ես չգիտեի, բայց հայրս ուղեղի ուռուցք ուներ: Ամեն ինչ շատ արագ կատարվեց: Մեկ տարվա ընթացքում նա չկար: Ես շատ փոքր էի և լիովին չէի հասկանում մահի գաղափարը: Հիշում եմ, որ մայրս ու ավագ քույրս անընդհատ լաց էին լինում, իսկ ես հարցնում էի` որտե՞ղ է հայրս: Ոչ ոք չէր կարողանում բացատրել, թե ինչ էր կատարվում: Կամաց-կամաց նրանք սկսեցին ասել ինձ, թե ինչ է եղել: Հիշում եմ, որ մայրս ասաց. — Հենրի´խ, նա երբեք մեզ հետ չի լինի: Իսկ ես մտածեցի` երբե՞ք: Երբեքն այնքան երկար ժամանակ է, երբ յոթ տարեկան ես: Մենք նրա խաղերի շատ տեսագրություններ ունեինք, և ես շատ հաճախ դիտում էի դրանք, որ հիշեմ նրան: Շաբաթը երկու-երեք անգամ դիտում էի նրա խաղերը, և դա ինձ շատ էր ուրախացնում, հատկապես, երբ տեսախցիկը ցույց էր տալիս նրան գոլը տոնելիս կամ թիմակիցներին գրկելիս: Այդ տեսագրությունների մեջ հայրս շարունակում էր ապրել: Հորս մահվանից մեկ տարի անց սկսեցի ֆուտբոլային մարզումներս: Նա էր իմ խթանը, իմ կուռքն էր: Ասացի ինքս ինձ`պետք է վազեմ ճիշտ նրա պես, պետք է հարվածեմ ճիշտ նրա պես: Երբ դարձա 10 տարեկան, իմ ողջ կյանքը ֆուտբոլն էր: Մարզվում էի, կարդում էի, դիտում էի, անգամ ֆուտբոլ էի խաղում «ՓլեյՍտեյշենով»: Ամբողջովին դրա վրա էի կենտրոնացած: Հատկապես սիրում էի ստեղծագործ խաղացողներին` մաեստրոներին: Միշտ ցանկանում էի խաղալ Զիդանի, Կակայի և Համլետի պես (լավ ընկերախումբ էր հորս համար): Շատ դժվար էր, որովհետև մայրս ստիպված էր ինձ համար և´ հայր, և´ մայր լինել: Մոր համար շատ դժվար է այդպես ապրել: Նա ստիպված էր ինձ պաշտպանել և երբեմն հոր պես խիստ լինել: Օրեր էին լինում, երբ մարզումից տուն էի գալիս և ասում. «Այնքան դժվար է: Ուզում եմ թողնել»: Իսկ մայրս ասում էր. «Չես թողնում: Պետք է շարունակես աշխատել, և վաղն ավելի լավ կլինի»: Հորս մահվանից հետո մայրս պետք է աշխատեր ընտանիքը պահելու համար: Այդպես նա սկսեց աշխատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում: Դա բավականին զվարճալի դարձավ, երբ ես սկսեցի խաղալ Հայաստանի պատանեկան հավաքականում: Եթե նյարդայնանում էի և դաշտում ինձ լավ չէի պահում, մայրս խաղից հետո գալիս էր ինձ մոտ և ասում. — Հենրի´խ: Ի՞նչ ես անում: Պիտի քեզ խելոք պահես, թե չէ աշխատավայրում խնդիրներ կունենամ: Ես ասում էի. — Բայց, մա´մ, նրանք ինձ հարվածեցին: Նրանք… — Ոչ, ոչ, ոչ: Դու միշտ պիտի քաղաքավարի լինես: Ինչքան էլ որ դժվար էր հորս մահից հետո, մայրս և քույրս միշտ աջակցում էին ինձ: Նրանք անգամ ինձ թույլ տվեցին 13 տարեկանում միայնակ գնալ Բրազիլիա` «Սան Պաուլուի» հետ չորս ամիս մարզվելու: Դա կյանքիս ամենահետաքրքիր ժամանակահատվածներից էր, որովհետև ես շատ ամաչկոտ երեխա էի Հայաստանից, որն ընդհանրապես պորտուգալերեն չէր խոսում: Բայց դա ինձ չէր հետաքրքրում, որովհետև ես գնում էի ֆուտբոլային դրախտ: Երազում էի Կակայի նման լինել, իսկ Բրազիլիան ստեղծագործ ոճի տունն էր, ինչը բրազիլիացիներն անվանում են ginga: Գնալուցս առաջ երկու ամիս պորտուգալերեն էի սովորել, բայց երբ եկա Սան Պաուլու, շատ արագ հասկացա, որ սովորելը մի բան է, բայց մարդկանց հետ խոսելը` մեկ այլ բան: Ես մեկնել էի երկու այլ հայ խաղացողների հետ: Երբ հասանք մեր սենյակ, հասկացանք, որ մեզ հետ բրազիլիացի խաղացող է ապրելու: Նա ինձ պես նիհար էր ու մուգ մազեր ուներ: Նա ողջունեց մեզ և ասաց. — Bom dia! Meu nome é Hernanes. Այդ ժամանակ այդ տղան ուղղակի անծանոթ էր, բայց նա Էրնանեսն էր, այն նույնը, որ հիմա «Յուվենտուսում» է խաղում: Մենք ապրում էինք մարզաբազայում: Այնտեղ ուտում էինք, մարզվում էինք, զվարճանում էինք: «ՓլեյՍտեյշեն» չունեինք, միայն հեռուստացույց, և ամեն ինչ պորտուգալերեն էր: Այնպես որ առաջին մի քանի շաբաթների ընթացքում շատ դժվար էր, որովհետև չէի կարողանում շփվել բրազիլիացի խաղացողների հետ: Նրանք ուղղակի ինչ-որ բան էին ասում, ժպտում, հետո ուսիս թփթփացնում: Բրազիլիացիներն իրենց բնույթով հրաշալի են: Չեմ կարող նկարագրել, հասկանալու համար պետք է զգաս ջերմությունը, երբ նրանց շրջապատում ես: Բարեբախտաբար, բոլորը խոսում էին ֆուտբոլի համընդհանուր լեզվով: Մենք ընկերացանք` շփվելով դաշտում ստեղծագործելու միջոցով: Հիշում եմ` մի օր մարզման ժամանակ մի քանի գոլ խփեցի և մտածեցի. «Այ քեզ բան, ես հայ երեխա եմ, որը Բրազիլիայում գոլ է խփում»: Ինձ աստղ էի զգում: Շատ էի հետաքրքրված մշակույթով: Այն շատ տարբեր է: Օրինակ` 45 րոպե մարզվում էինք, հետո 15 րոպե հանգստանում: Միրգ էինք ուտում, հյութ էինք խմում, հետո վերադառնում ու ևս 45 րոպե մարզվում: Նրանք միշտ մարզվում են այնպես, կարծես իսկական հանդիպում են անցկացնում: Հայաստանում այդ տարիքում մենք ավելի շատ ֆիզիկական վիճակի, քան տեխնիկայի վրա էինք աշխատում: Բրազիլիայում կարևորը տեխնիկան էր. միշտ գնդակով: Իսկապես, եթե երեխաները գնդակ չունեին, խաղում էին գնդակի պես փաթաթած գուլպաներով: Ամենակարևորը գնդակն է: Զվարճալի էր, որովհետև մայրիկս հաճախ էր զանգահարում` գրեթե ամեն օր: Եվ ես միշտ ասում էի նրան, որ եթե ցանկանում է զանգահարել, պիտի նախապես ասի ինձ: Հասկանո՞ւմ եք, միակ հեռախոսը, որ կարող էինք օգտագործել միջազգային զանգերի համար, տնօրենի գրասենյակում էր, այնպես որ ամեն առավոտ օգնականներից մեկը վազում էր մարզաբազա ինձ մոտ և ասում. — Հեյ, մայրիկդ է զանգել: Եվ ես ստիպված է վազել ներս և ասել նրան, որ հետո զանգահարի: — Ինչպե՞ս է փոքրիկս: Ուտելիքն ինչպիսի՞ն է: Լա՞վ ես սնվում: — Մա´մ, պիտի մարզվեմ: Կիրակի կզանգես: Մի քանի ամիս անց ես բավականին լավ կարողանում էի հաղորդակցվել պորտուգալերենով և Էրնանեսին սովորեցրել էի հայկական այբուբենը: Առանց «ՓլեյՍտեյշենի» այլ բան չկար անելու: Այդ ժամանակաշրջանը շատ կարևոր էր ինձ համար, որովհետև այն ձևավորեց իմ խաղաոճը: Երբ չորս ամիս Բրազիլիայում անցկացնելուց հետո վերադարձա Հայաստան, դեռ բավականին նիհար էի ու թույլ, բայց ունեի տեխնիկա և ունակություններ: Ինձ շատ ազատ էի զգում դաշտում: Ինձ հայկական Ռոնալդինյո էի զգում: (Հահահա, ոչ, կատակում եմ): Բարդ էր, որովհետև հիմա գլխումս երեք լեզու էր` հայերեն, ֆրանսերեն և պորտուգալերեն, և դրանք մրցում էին իրար հետ: Նախադասության կեսը հայերեն էի ասում, կեսը` պորտուգալերեն: (Հիմա էլ անգլերենն եմ այդպես անում, այնպես որ խնդրում եմ ներեք տարօրինակ բառերի համար): Հետո` 20 տարեկանում, տեղափոխվեցի Դոնեցկի «Մետալուրգ» Ուկրաինայում և խառնուրդին մի քիչ ուկրաիներեն և ռուսերեն ավելացրի: Շատ զվարճալի էր, երբ երկու տարի անց տեղափոխվեցի Դոնեցկի «Շախտյոր», շատ մարդիկ ասում էին, որ ինձ համար դժվար է լինելու: Ասում էին, որ հաջողության չեմ հասնի այնտեղ, որովհետև ակումբում 12 բրազիլիացի խաղացող կա: Ես ոչինչ չէի պատասխանում, ուղղակի ծիծաղում էի քթիս տակ և մտքումս ասում` ես կիսով չափ բրազիլիացի եմ: Իհարկե, թիմակիցներիս հետ շատ լավ հարաբերությունների մեջ էի, և «Շախտյորում» անցկացրած իմ երեք տարիները փայլուն էին: 2013-ին սահմանեցի Ուկրաինայի Պրեմիեր լիգայում խփած գոլերի ռեկորդ, և այնքան հաճելի զգացողություն էր փակել այն մարդկանց բերանները, ովքեր ասում էին, որ ես չէի կարող այնտեղ խաղալ, որովհետև հայ եմ: Ճակատագիրը կարող է շատ հետաքրքիր լինել: Այդ մրցաշրջանից հետո ինձ առաջարկեցին տեղափոխվել Գերմանիա`Դորտմունդի «Բորուսիա»: Դրանից քիչ անց Դոնեցկում կռիվ սկսվեց, և «Շախտյորի» մարզադաշտը լքվեց: Այդպես տեղափոխվեցի Գերմանիա, որտեղ ոչ միայն լեզուն էր նոր, այլև մշակույթը և մթնոլորտը շատ էին տարբերվում նրանից, ինչին սովոր էի: Ինձ համար դա շատ դժվար ժամանակաշրջան էր: Առաջին մրցաշրջանը լավ անցավ, բայց երկրորդն աղետ էր ոչ միայն ինձ համար, այլև ակումբի: Մենք այնքան շատ էինք պարտվում, և ինձ թվում էր, որ բախտ չունեմ: Ոչ միայն գոլ չէի խփում, այլև գոլային փոխանյցումներ չէի կատարում, ինչը բոլորովին ինձ նման չէ: Ինձ համար մեծ գումար էին վճարել, և ես ինքս ինձ վրա ճնշում էի գործադրում: Դորտմունդի իմ բնակարանում շատ դժվար գիշերներ եմ անցկացրել` մտածելով ու մտածելով: Չէի ցանկանում դուրս գալ, անգամ ընթրիքի գնալ: Բայց, ինչպես ասացի, ճակատագիրը հետաքրքիր բան է: Իմ երրորդ մրցաշրջանից առաջ նոր մարզիչ եկավ «Բորուսիա»` Թոմաս Տուխելը, և նա ամեն ինչ փոխեց ինձ համար: Նա մոտեցավ ինձ և ասաց. — Լսի´ր, ես ցանկանում եմ քեզնից ամեն ինչ ստանալ: Ես ժպտում էի ու ծիծաղում, որովհետև մտածում էի, որ ուղղակի ցանկանում էի այնպես անել, որ ինձ լավ զգամ: Կասկածում էի նրա խոսքերին: Բայց նա շատ լուրջ նայեց ինձ և ասաց. — Միկի´, դու մեծ ես լինելու:Mkhitrayn99 Դա ամեն ինչ էր ինձ համար: Իմ անցկացրած մրցաշրջանից հետո չէի կարծում, որ կարող եմ աստղ լինել: Բայց նա արեց դա: Նա ամեն ինչ ստացավ ինձնից, և դա այն պատճառով էր, որ ես նորից երջանիկ էի: Երբ տխուր ես, չես կարող հաջողակ լինել: Սա ես բրազիլիական մշակույթից եմ սովորել: Երբ երջանիկ ես, դաշտում լավ բաներ են լինում: Այդ մրցաշրջանում մենք ոգևորվածությամբ խաղացինք: Խելագար, գերհարձակողական ոճով խաղացինք և դաշտում անցկացրած յուրաքանչյուր պահը վայելեցինք: Գործնականում խաղում էինք երկու պաշտպանով, երեք կիսապաշտպանով և հինգ հարձակվողով և հաջողության էինք հասնում: Նույնիսկ երբ պարտվում էինք, հաճույքով էինք խաղում: Անցած ամառ գործակալս զանգահարեց և ասաց, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է ինձնով: Դա զարմացրեց ինձ: — Դա լո՞ւրջ է, թե՞ բամբասանքներ են,- հարցրի: Երբ երազանքներդ այդքան մոտ են իրականանալուն, սկզբում իրական չի թվում: Մի քանի օր անց «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրվածությունը հաստատվեց, երբ զանգ ստացա Էդ Վուդվարդից` նրանց գործադիր տնօրենից: Նա ասաց, որ ակումբն իսկապես հետաքրքրված է ինձնով: Կարող եք պատկերացնել, թե ինչքան ոգևորված էի այդ հնարավորությամբ: Մինչ գործակալս և ակումբը բանակցություններ էին վարում տրանսֆերի շուրջ, ես ժամանակ ունեի ծանրութեթև անելու տարբերակներս: «Բորուսիայում» լավ իրավիճակը թողնելը և «Յունայթեդում» հաջողության հասնելը մարտահրավեր կլիներ, բայց ես չէի ցանկանում ծեր տարիքում նստել աթոռիս և ափսոսալ չարածներիս համար: Ես պատրաստ էի տեղափոխվելու: Երբ գործարքը կնքվեց, նստեցի «Յունայթեդի» հետ պայմանագիրը ստորագրելու և այդ պահին հասկացա… Այդ պահին գիտակցեցի, որ մեծ տեղափոխությունը Պրեմիեր լիգա իսկապես տեղի էր ունենում: Երբեք չեմ մոռանա այդ պահը, ոչ էլ կմոռանամ այն օրը, երբ հագա «Մանչեսթեր Յունայթեդի» կարմիր մարզաշապիկն ակումբի հետ իմ առաջին մարզումից առաջ: Այնքան երջանիկ և հպարտ էի այն ամենի համար, ինչին հասել էի կարիերայիս ընթացքում: «Յունայթեդի» հետ մրցաշրջանի սկզբում վնասվածք ստացա և խաղալու շատ հնարավորություններ չունեի: Ազնիվ կլինի ասել, որ Մանչեսթերում իմ կյանքի սկիզբը կատարյալ չէր: Բայց շատ անգամ է պատահել, որ խնդիրներ եմ ունեցել, բայց երբեք չեմ հանձնվել: Կշարունակեմ աշխատել ամեն օր, որ կարողանամ օգնել թիմին հասնելու հաջողության: Եթե մայրիկիս և քրոջս հարցնեք իմ մասին, կասեն, որ ես բավականին «բարդ» եմ: Ես կարող եմ շատ լուրջ լինել: Բայց եթե անկեղծ լինենք, ես երջանիկ եմ իմ կյանքի ընթացքով: Աշխարհի մեծագույն ակումբներում խաղալը միշտ իմ երազանքն է եղել: Երբ դուրս ես գալիս «Օլդ Թրաֆորդի» խոտածածկի վրա, դա ուղղակի դաշտ չէ, դա բեմ է: Եթե հայրս կարողանար տեսնել ինձ այդ բեմի վրա, կարծում եմ` շատ հպարտ կլիներ: Ես միշտ ինչ-որ կերպ հետապնդում էի նրան և կարծում եմ, որ թեև նա ինձ հետ չէ, նա օգնեց ինձ հասնել այստեղ: Եթե նա դեռ կենդանի լիներ, միգուցե այժմ ես փաստաբան կամ բժիշկ կլինեի: Փոխարենը ես ֆուտբոլիստ եմ: Հետաքրքիր է, բայց հանդիպումներից հետո երբեք ինձ չեմ դիտում հեռուստացույցով: Ատում եմ ինքս ինձ դիտել, որովհետև միայն սխալներս եմ նկատում: Իմ խաղաոճը շատ տարբեր է հորս խաղաոճից: Նա արագաշարժ հարձակվող էր հզոր հարվածով: Իմ խաղը շատ ավելի տեխնիկական է: Բայց Հայաստանում շատ մարդիկ ասում են ինձ, որ ճիշտ հորս նման եմ, երբ վազում եմ: Նրանք ասում են. — Հենրի´խ, դու նույն տեսքն ունես, նույն կերպ ես վազում: Երբ դիտում եմ խաղդ, ինձ այնքան ես հիշեցնում Համլետին: Ես չեմ կարող ասել, որովհետև չեմ սիրում ինձ դիտել, բայց շատ հնարավոր է: Առաջին անգամ երազեցի դաշտում ազատ վազելու մասին` դիտելով նրա տեսագրությունները, երբ նա արդեն չկար»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր