211652_close_icon

Նոր հնարավորություններ՝ Հայաստանի գիտության զարգացման համար

views-count2794 դիտում article-date 22:00 17-11-2016
Հետազոտության, գիտության և նորարարության հարցերին նվիրված Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպման շրջանակում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ ԵՄ հանձնակատարների և անդամ պետությունների կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Լրագրողների հետ հանդիպմանը մասնակցել և վերջիններիս հարցերին են պատասխանել Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, Հետազոտության, գիտության և նորարարության ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Սլովակիայի կրթության, գիտության, հետազոտության և սպորտի նախարար Պետեր Պլավչանը, Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Լիլիա Գրինևիչը, Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Թամազ Մարսագիշվիլին, Բելոռուսի Գիտության պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շումիլինը և Մոլդովայի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Գեորգի Դուկան: «Հետազոտության, գիտության և նորարարության ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը, հիանալի հասկանալով և գիտակցելով հայոց պատմությունը և հայ ժողովրդին, մեծ ցանկություն ունի՝ նաև այս ուղղությամբ կոնկրետ գործնական արդյունքներ արձանագրել: Գիտությանն առանց սահմանների ընդլայնվելու գաղափարախոսությունը մեծ հնարավորություն է տալիս փոքր երկրներին՝ իրականացնել իրենց հավակնությունները: Մենք պայմանավորվել ենք ձևավորել ասոցացված երկրների ընդհանուր ցանց՝ համատեղ ծրագրերով մեր գիտականների համար լավագույն պայմաններ ստեղծելու համար: Բացի այդ, նպատակ կա մեր երկրում բացել հատուկ գրասենյակ, որպեսզի հնարավորություն ունենանք մեր գիտական հանրությանը նախապատրաստել «Հորիզոն-2020»-ի բարձր պահանջներին: Այս հարցում մենք իսկապես կարիք ունենք խորհրդատվական աջակցության, որը, վստահ եմ, մեր եվրոպացի գործընկերները կտրամադրեն»,-նշել է նախարարը:

Նմանատիպ նյութեր