211652_close_icon

Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը կշարունակվի լավագույն ձևով. ԱԳ փոխնախարար

views-count3363 դիտում article-date 20:56 17-11-2016
Հայաստանը ՆԱՏՕ-ի «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրին մասնակցելով ձգտում է նպաստել Հարավային Կովկասում անվտանգության ու համագործակցության հաստատմանը: Այս մասին ՀՀ ԳԱԱ-ում ՆԱՏՕ-ի «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրին նվիրված աշխատաժողովին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Արտաքին գործերի փոխնախարարը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրի նշանակությունը որպես ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների միջև փոխշահավետ համագործակցության մեխանիզմ, ուղղված ընդհանուր անվտանգության հիմնախնդիրների լուծմանը: Փոխնախարարի տեղեկացմամբ` Հայաստանը ներգրավվել է ՆԱՏՕ-ի գիտական ծրագրերին 1993 թվականից: Ընդհանուր առմամբ, Հայաստանի գիտնականները, փորձագետներն առաջատար դեր են ունեցել 143-ից ավելի միջոցառումներում: «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրով Հայաստանը ստացել է գիտական և բնապահպանական ծրագրերի համար 38 դրամաշնոր: Իրականացված ծրագրերը ներառում են միջուկային և ճառագայթային սպառնալիքների կանխարգելում, հայտնաբերում և արձագանքում, բնական աղետների վտանգների գնահատում, ջրային պաշարների անվտանգություն և այլն: «Ծրագրի շրջանակում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը կարելի է դիտարկել որպես փոխշահավետ գործակցության լավ օրինակ»,- գնահատեց փոխնախարար Աշոտ Հովակիմյանը:

Նմանատիպ նյութեր