211652_close_icon
views-count8174 դիտում article-date 21:12 17-11-2016

Նախարարի խիստ հանձնարարականը. բնակչությանը պատճառվող անհարմարությունները հասցնել նվազագույնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման լայնածավալ աշխատանքները, որոնք մեկնարկել են այս տարվա սեպտեմբերին, շարունակվում են: Հիմնանորոգման ընթացքին անձամբ ծանոթանալու նպատակով Լոռու մարզ այցելեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ճանապարհի շուրջ 90 կմ երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու հիմնանորոգման և վերակառուցման ծրագրի շրջանակներում: Ծրագիրը բաժանված է 2 մասի և ֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային և Ասիական զարգացման բանկերի կողմից։ Ծրագրի առաջին մասի շինարարական աշխատանքներն ընդգրկում են միջպետական ավտոճանապարհի 38 կմ հատվածը: Նախարար Մարտիրոսյանը նշեց, որ Ասիական զարգացման բանկը հաստատել է նաև ծրագրի շարունակության համար անհրաժեշտ ֆինանսավորման տրամադրումը։ Առաջիկայում հայտարարվելու է շինարարական աշխատանքների կատարման մրցույթի մասին: Ռելիեֆային առանձնահատկություններով պայմանավորված՝ ճանապարհի տարբեր հատվածներում լայնությունը կկազմի 6-13 մ: Նախարարը հրահանգեց քանդման աշխատանքների ընթացքում խիստ հսկողություն իրականացնել հատկապես անվտանգության խնդրի վրա: Հիմնանորոգման ընթացքում իրականացվում են հողային պաստառի վերականգնման, անվտանգության էլեմենտների տեղադրման, ճանապարհային պատվածքի վերակառուցման և նորոգման աշխատանքներ։ Նախատեսվում է հիմնանորոգել նաև միջպետական ճանապարհին գտնվող 3 թունելները, որոնցից երկուսը կվերանորոգվեն, իսկ երրորդն ամբողջությամբ կվերակառուցվի՝ ապահովելով թունելի լայնության ու բարձրության համապատասխանությունը շինարարական նորմերով պահանջվող չափորոշիչներին: Ճանապարհի 12 կամուրջներից 3-ը հիմնովին քանդվելու են և նորից կառուցվեն, մյուս 9-ը՝ կվերանորոգվեն: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանի խոսքով` ճանապարհաշինական աշխատանքների այս փուլը կավարտվի 18 ամսվա ընթացքում, ինչպես նախատեսված է ծրագրով: «Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, որակի ու ժամկետների հետ կապված թերացումներ չենք ունենա», - վստահեցրեց Էմիլ Սարգսյանը: Նախարար Վահան Մարտիրոսյանի խիստ հանձնարարականն է նվազագույն անհարմարություն պատճառել շրջակայքի բնակչությանը, ենթակառուցվածքների տեղափոխման ընթացքում բնակիչներին ժամանակին իրազեկել կոմունալ ծառայությունների հնարավոր ընդհատումների մասին:«Բոլոր միջոցառումները պետք է ձեռնարկվեն, որպեսզի բնակիչները ժամանակին տեղեկանան, թե ո՞ր ճանապարհահատվածն է փակ, ե՞րբ է ընդհատվելու ջրամատակարարումը, կամ կենցաղային ի՞նչ այլ անհարմարություններ են սպասվում»,- նշեց նախարարը: 33 համայնքներ և 167.000 շահառու բնակչություն ընդգրկող 90 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման և վերակառուցման հիմնական շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել սահմանված ժամկետներում: Այլ մանրամասներ՝ տեսանյութում... [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր