Վերացվում են բնակչությանը և երթևեկության մասնակիցներին պատճառվող անհարմարությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կապալառու «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ն շարունակում է նվազեցնել բնակչությանը և երթևեկության մասնակիցներին պատճառվող անհարմարությունները, որոնք առաջացել են Ալավերդի քաղաքի վարչական տարածքում Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման աշխատանքների ընթացքում։
Կապալառու «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ին նախարարության կողմից հանձնարարվել էր օպերատիվ կերպով անհրաժեշտ աշխատանքներ տանել՝ շինարարության հետևանքով առաջացող փոշին նվազագույնի հասցնելու, երթևեկությանը խոչընդոտող փոսերը հարթեցնելու և խնդրահարույց տեղամասերում շինաշխատանքների ընթացքն արագացնելու ուղղությամբ։
Փոշու քանակը վերահսկելու նպատակով կապալառուն կատարում է կանխարգելիչ միջոցառումներ՝ ավելացնելով ջրցան մեքենաների քանակն ու ջրցանման հաճախությունը։
Մեքենաների համար դժվարանցանելի հատվածներում այսօր արդեն տեղադրվում է ավազակոպճային շերտ։
«ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ի ծրագրի ղեկավար Դավիթ Ազատյանը նշեց, որ մշտական շփման մեջ են բնակչության հետ և անմիջապես կարձագանքեն ցանկացած խնդրի։