«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին հեռացել է Մոսուլից, որի վրա մեծ գրոհ է սկսել իրաքյան բանակը։ Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, հաղորդում է BBC-ն։
Վերջինի խոսքով՝ ալ-Բաղդադիի՝ քաղաքը լքելու մասին տեղեկությունը իրեն հայտնել է հատուկ ծառայությունների աղբյուրը։ Նա «դաժան հեգնանք» է անվանել ալ-Բաղդադիի հեռանալը Մոսուլից, երբ վերջինս օգտվում է համացանցից, որպեսզի ոգևորի ահաբեկիչներին մասնակցելու Մոսուլի դաժան մարտերին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իսլամիստները ձայնային ուղերձ են հրապարակել, որում ԻՊ ղեկավարը սպառնալիքներ է ուղղում Թուրքիային։ Դեռևս այդ ուղերձի իսկությունը փորձագետները չեն հաստատել։