6457 դիտում
20:19 25-10-2016
Ադրբեջանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը շփման գծում. Վիգեն Սարգսյան
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունեց հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Վորլիքին, Պիեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Համանախագահների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձավ բանակցային գործընթացի ռազմաքաղաքական ասպեկտներին եւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին:
Նախարար Սարգսյանը տեղեկացրեց, որ ապրիլյան ռազմական գործողություններից հետո էլ Ադրբեջանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը շփման գծում, պարբերաբար աճում է կրակոցների քանակը, մեծանում է կիրառվող զենքերի տրամաչափը` հանգեցնելով նոր զոհերի:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու համար Հայաստանը կարևորում է շփման գծում հրադադարի անվերապահ պահպանումը եւ հակամարտ կողմերի միջեւ վստահության ամրապնդումը:
Կողմերը կարծիքներ փոխանակեցին նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների հիման վրա բանակցային գործընթացը շարունակելու, դեսպան Ա.Կասպիշիկի գործառնական հնարավորություններն ընդլայնելու ուղիների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պյեռ Անդրիոյին վերջին երկու տարիների ընթացքում արդյունավետ միջնորդական աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ:
Նմանատիպ նյութեր
2452 դիտում
10:37 15-07-2021
Ադրբեջանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
1108 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
946 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը