2164 դիտում
15:00 12-10-2016
Հայաստանում այսօր նշվում է Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրը
Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, որը նպատակ ունի ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից:
2008 թվականից, ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, հոկտեմբերի 12-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հայտարարվել է «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:
Հատկանշական է, որ կոնվենցիային միանալուց ի վեր Հայաստանում տղամարդկանց շրջանում ծխողների թիվը նվազել է 8-10%-ով:
Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական և տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով` աշխարhում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում:
Նշենք, որ վերջին տասը տարվա ընթացքում տղամարդկանց շրջանում առկա է ծխախոտի օգտագործման նվազման միտում: Կանանց մոտ ծխախոտի տարածվածությունն առավել մեծ է մայրաքաղաքում, քան մարզերում կամ գյուղական համայնքներում: Դեռահասները սկսում են ծխել 16-17 տարեկանում, երբ դուրս են գալիս ծնողների հսկողությունից և առավել ինքնուրույն կյանք վարում։
Ծխող տղամարդկանց վաղաժամ մահացության ռիսկը 2-3 անգամ բարձր է չծխողների համեմատ, իսկ կանանցը՝ 1,3-1,9 անգամ: Ռիսկն ավելանում է գլանակների քանակի և ծխախոտի օգտագործման տևողության հետ:
Ծխողների մոտ թոքի քաղցկեղի ռիսկն աճում է 12 անգամ, սրտամկանի ինֆարկտի և ուղեղանոթային ու ծայրամասային անոթների հիվանդությունների ռիսկը՝ 50%-ով, իսկ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններից մահացության դեպքերի մոտ 80% պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ:
Ծխախոտի օգտագործման տարածվածության և դրա առողջապահական, տնտեսական և սոցիալական հետևանքները կանխելու նպատակով մեր երկրում կիրառվում են տարբեր մեխանիզմներ, օրենսդրական սահմանափակումներ և այլ միջոցառումներ:
Մեր երկրում ծխելու դեմ պայքարի քարոզչությունն ուղղվում է բնակչության բոլոր տարիքային խմբերին, այն առողջապահության նախարարության կողմից մշակված և իրականացվող Առողջ ապրելակերպի ռազմավարության կարևորագույն բաղադրիչն է:
Նմանատիպ նյութեր
2891 դիտում
16:32 12-10-2017
Այսօր Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է. Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ամենօրյա ծխող է
1119 դիտում
12:52 01-10-2019
Հոկտեմբերի 1-ը նշվում է որպես «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»
3095 դիտում
15:56 31-05-2016
Այսօր Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Այս բաժնից
880 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
631 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար