Թրամփը հանդիպել է Բիլ Քլինթոնի կողմից «բռնաբարված» կանանց հետ
ԱՄՆ նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփն իր մրցակցի՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնի հետ 2-րդ հեռուստաբանավեճից ժամեր առաջ հանդիպել է 4 կանանց հետ, որոնց պնդմամբ՝ «Քլինթոնի ամուսինը տարիներ առաջ բռնաբարել է իրենց»:
Ինչպես նշում է [url=http://www.dailymail.co.uk/news/article-3829975/Bill-raped-Hillary-threatened-Trump-holds-photo-op-90-minutes-debate-cast-Clintons-sexual-abusers-battles-October-surprise.html]The Daily Mail[/url]-ը, Թրամփն ու ԱՄՆ-ի նախկին նախագահի (Բիլ Քլինթոնի) սեռական ոտնձգությունների «զոհ» դարձած Քեթլին Ուիլին, Խուանիտա Բրոդերիքը, Քեթի Շելթոնն ու Փոլա Ջոնսը Սենթ Լուիս քաղաքում հանդիպել են լրագրողների հետ:
Կանանցից մեկը՝ Բրոդերիքը, պատմել է, որ Քլինթոնն իրեն բռնաբարել է Արքանզաս նահանգի գլխավոր դատախազի պաշտոնում աշխատելու տարիներին:
«Միգուցե, պարոն Թրամփն ինչ-որ վատ խոսքեր է ասել կանանց հասցեին, սակայն Բիլ Քլինթոնը բռնաբարել է ինձ, իսկ Հիլարին էլ՝ սպառնացել: Ես չեմ կարծում, որ այս 2 դեպքի միջև կարելի է համեմատության որևէ գիծ տանել»,-ասել է Բրոդերիքը:
Իրենց հիշողություններով են կիսվել նաև մյուս 3 կանայք՝ հավելելով, որ Հիլարին քողարկել է ամուսնու գործած հանցանքները:
«Այս 4 խիզախ կանայք խնդրեցին հնարավորություն տալ այսօր այստեղ լինելու ու իրենց վերապրածի մասին խոսելու: Մեզ համար մեծ պատիվ էր նրանց օգնելը»,- հավելել է Թրամփը: