Հայաստան ժամանող ԱՄՆ փորձագետները կկիսվեն ցմահ դատապարտյալների գործերի վերանայման փորձով
Արդարադատության նախարարությունը աշխատանք է տանում ցմահ դատապարտյալների պայմանների բարելավման ուղղությամբ: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
«Աշխատանքները շարունակվում են թե՛ կեցության պայմանների, թե՛ տեսակցությունների առումով, այդ թվում նաև նոր Քրեական օրենսգրքով նախատեսվում է որոշակիորեն բարձրացնել ցմահ դատապարտման տարիքը, որպեսզի, ասենք, դեռահասների շրջանում խնդիր չառաջանա»,- ասել է փոխնախարարը:
Սուրեն Քրմոյանը տեղեկացրել է, որ մոտակա ժամանակահատվածում ԱՄՆ-ից Հայաստան են ժամանելու փորձագետներ ցմահ դատապարտյալների գործերի վերանայման հարցում համատեղ աշխատելու համար:
«Գործերի վերանայումը մեկ այլ մեծ խնդիր է, որը բավականաչափ լուրջ քննարկման կարիք ունի: Այն դեռևս հետազոտությունների փուլում է: Կարող եմ ասել, որ կան գործող մեխանիզմներ, որոնք հիմքերի առկայության դեպքում կարող են հիմք հանդիսանալ գործերի վերանայման համար: Չենք բացառում, որ միջազգային փորձից նույնպես գտնենք օրինակներ, որոնք կներկայացվեն քրեական դատավարության և քրեական օրենսգրքերը մշակող աշխատանքային խմբին: Չենք մերժում նաև հասարակական կազմակերպությունների կողմից արվող համագործակցության առաջարկները»,- նշել է Սուրեն Քրմոյանը: