211652_close_icon
views-count2896 դիտում article-date 15:15 06-10-2016

ՊԵԿ-ը գործարկում է արտաքին տնտեսական գործունեությունը պարզեցնող էլեկտրոնային համակարգեր

Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է արտաքին տնտեսական գործունեության «Ազգային մեկ պատուհան» պորտալը։ Ներդրվող նոր ծառայությունները ներմուծում և արտահանում կատարողներին թույլ են տալիս պետության հետ փոխհարաբերվել բացառապես էլեկտրոնային եղանակով, հետևաբար բարձր արդյունավետությամբ և ժամանակի տնտեսմամբ։ «Բիզնեսը կամ ֆիզիկական անձը, մեկ անգամ տեղեկատվություն ներկայացնելով պետական որևէ մարմնի, այլևս կարիք չունի այն տրամադրելու մեկ այլ գերատեսչության։ «Ազգային մեկ պատուհան» պլատֆորմում ներառված արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները, մաքսային մարմինը, ապահովագրական կազմակերպությունները, բրոքերները, միջնորդները, բանկերը, սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, առողջապահության նախարարությունը և իրավասու այլ մարմինները շփվում են բացառապես էլեկտրոնային լեզվով՝ միմյանց փոխանցելով ստացված տեղեկատվությունը»,-նշում է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը։ Առաջիկայում ավարտվելու է Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսակետերը միջազգային չափանիշներին համապատասխան արդիականացնելու ծրագիրը, որին հաջորդելու է էլեկտրոնային ծառայությունների գործարկումը՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի համաձայն: Այն թույլ կտա հետագայում նաև հարևան պետությունների՝ Վրաստանի, Իրանի հետ փոխանակել տեղեկատվություն՝ ներմուծման և արտահանման գործընթացն արագ կազմակերպելու համար: «Նոր մաքսակետերում բեռնատարների ու ֆիզիկական անձանց համար տարանջատված գործընթացներ են գործելու: Բացի այդ, ֆիզկական անձանց համար մեկ վայրում են կենտրոնանալու բոլոր ծառայությունները՝ անձնագրային, մաքսային, բանկային, բրոքերային: Զբոսաշրջիկները երկրի մասին առաջին տպավորությունը ձևավորելու են սահմանին՝ տեսնելով միջազգային չափանիշներին համապատասխանող պայմանները»,-վստահեցնում է Մ. Փաշայանը: «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքը մշակված է միջազգային չափանիշներով ու համապատասխանեցված է ոչ միայն ՀՀ օրենսդրությանը, այլև ԵԱՏՄ պահանջներին: Միության շրջանակում ՀՀ մաքսային մարմնի ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ՊԵԿ-ը մշակել է մաքսային արժեքի որոշման էլեկտրոնային ծառայություն: ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետության տարածքով ապրանք ներկրելիս տարանցման հայտարարագիր ներկայացնելու գործընթացն էլեկտրոնային հարթակ է տեղափոխվել: Նույնը վերաբերում է նաև արտաքին տնտեսական գործունեության վերաբերյալ ներկայացվող վիճակագրական հայտարարագրին ու վճարման ապահովմանը: Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետն ընդգծում է տարբեր գերատեսչությունների միջև տեղեկատվության փոխանակման շնորհիվ երկակի հսկողության կարգավորման կարևորությունը. «Եթե նախկինում ներմուծված դեղերն անցնում էին կարմիր ուղիով, այսինքն՝ նախ նմուշներ էին ուղարկվում առողջապահության նախարարություն, և այնտեղից ստացված հավաստագիրը մաքսային մարմնին տրամադրելուց հետո միայն կատարվում էր ապրանքի բացթողում, ապա այսօր բիզնեսի առօրյան բարդացնող գործընթացները վերացել են. անհրաժեշտ փաստաթղթերի փոխանակումը կատարվում է էլեկտրոնային եղանակով և բիզնես-ՊԵԿ-ԱՆ շղթայում՝ միաժամանակյա շփմամբ: Նմանատիպ սկզբունքով է մշակվել նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հավաստագրի ստացման համակարգը»: «Ազգային մեկ պատուհան» պորտալում կյանքի է կոչվել նաև ապրանքների դասակարգման նախնական որոշումների համակարգը, որի միջոցով ԱՏԳ մասնակիցները հնարավորություն ունեն էլեկտրոնային եղանակով դիմելու մաքսային մարմնին` որոշելու արտահանվող և ներմուծվող ապրանքների համապատասխանությունն արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին: Արդեն գործող ծառայությունների կողքին փորձարկվում են նորերը: Միքայել Փաշայանի տեղեկացմամբ, «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգը շարունակաբար կատարելագործվելու է, ներդրվելու են նոր ծառայություններ՝ արտաքին տնտեսական գործունեությունը դյուրացնելու և խթանելու նպատակով: [b]ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր