Տոնական համերգ՝ Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարների հովանու ներքո
Հոկտեմբերի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շատյնմայերի հովանու ներքո կայացավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Յենայի ֆիլհարմոնիկ նվագախմբի տոնական համերգը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին և Գերմանիայի միասնության օրվան։
Այսօրվա համերգին նախորդել էր սեպտեմբերի 22-ին Բեռլինում կայացած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի՝ ՀՀ անկախության 25-ամյակի և Գերմանիայի միասնության օրվա կապակցությամբ Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարների հովանու ներքո տեղի ունեցած համերգը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Յենայի քաղաքապետը, Երևանում հավատարմագրված դեսպաններ, մշակութային և հասարակական գործիչներ։
Ողջույնի խոսքով դիմելով այսօր կայացած միջոցառման մասնակիցներին՝ Էդվարդ Նալբանդյանն, մասնավորապես, ասաց.
«Հարգարժան պարոն դեսպան,
Յենայի հարգելի քաղաքապետ,
Հարգարժան նախարարներ, պատգամավորներ, դեսպաններ,
Տիկնայք և պարոնայք,
Ջերմորեն շնորհավորում եմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ հատուկ նշել, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Յենայի ֆիլհարմոնիկ նվագախմբի այս համերգը, ինչպես և սեպտեմբերի 22-ին Բեռլինում կայացած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը նվիրված են Գերմանիայի միասնության օրվան և Հայաստանի Անկախության 25-ամյակին և անցնում են Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարների հովանու ներքո։
Միասնության օրը Գերմանիայի ժողովրդի իղձերի իրականացման տոնն է, ինչպես հայ ժողովրդի համար անկախության տոնը մեր ժողովրդի դարավոր երազանքի իրականացման տոնն է:
Երկու երկրների համար այս նվիրական տոները միասնաբար նշելն արդեն իսկ խորհրդանշում է այն բարեկամական սերտ հարաբերությունները, որոնք ձևավորվել են մեր ժողովուրդների միջև:
Շուտով լրանում է նաև Հայաստանի ու Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Անշուշտ, մեր ժողովուրդների միջև կապերը չեն սահմանափակվում սոսկ 25-ամյա միջպետական, դի¬վա¬նա¬գիտական հարաբերությունների ժամանակագրությամբ, այլ ձգվում են դեպի միջնա¬դարյան ակունքներ և սնուցվում մեր երկու ժողովուրդների սերտ պատմամշակութային և հոգևոր առնչություններով: