Հունաստանում կանգնեցվել է Յուրի Գագարինի կիսանդրին
Հունաստանի Կրետե կղզու Հերակլիոն քաղաքում տեղադրվել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի կիսանդրին:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, հուշարձանը կանգնեցվել է ռուս-հունական խաչաձև տարվա շրջանակներում: Կիսանդրու բացման արարողությունն իրականացվել է դեպի տիեզերք Գագարինի թռիչքի 55-ամյակի առթիվ: Կիսանդրու պատաստումն ու տեղադրումը ֆինանսավորել են «Մշակութային երկխոսություն-միասնական աշխարհ» միջազգային բարեգործական հիմնադրամը և Tez Tour Greece տուրիստական գործակալությունը:
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ռուս տիեզերագնացներ Օլեգ Սկրիպոչկան և Ալեքսեյ Օվչինինը, ինչպես նաև՝ տեղի ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ:
Գագարինին նվիրված ևս մեկ հուշարձան սեպտեմբերի 14-ին բացվել էր Նորվեգիայի Բերգեն քաղաքում: