211652_close_icon
views-count2612 դիտում article-date 22:54 30-09-2016

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդունել է Յենայի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

Ս. թ. սեպտեմբերի 30-ին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդունել է Յենայի քաղաքապետ Ալբրեխտ Շրյոթերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, «Արևելք-Արևմուտք Վայմարի Դիվան» կազմակերպության ղեկավար, համերգային նախագծի հեղինակ Կլաուս Գալասը, Յենայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Մարկ Տարդյուն: ՀՀ մշակույթի նախարար Ա. Ամիրյանը ողջունել է հյուրերին և նշել, որ այսօր մշակույթի նախարարի պաշտոնում իր աշխատանքային երրորդ օրն է, որն էլ նշանավորվում է Գերմանիայի նման հզոր մշակութային ժառանգություն ունեցող երկրի ներկայացուցիչների հետ հանդիպումով: Նախարարը կարևորել է Երևանում հոկտեմբերի 3-ին, Գերմանիայի միասնության օրվան նվիրված՝ Յենայի ֆիլհարմոնիկ և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերի համատեղ համերգը և հույս հայտնել, որ այս հրաշալի նախագիծը դրական հույզեր կփոխանցի հայ հանրությանը: Ի պատասխան՝ ՀՀ-ում ԳԴՀ դեսպանը շնորհավորել է Արմեն Ամիրյանին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ ավելի քան մեկ տարի է, դիվանագիտական առաքելություն է իրականացնում Հայաստանում և այդ ընթացքում ներկա է գտնվել բազմաթիվ և բազմաբնույթ միջոցառումների, որոնք հայ ժողովրդի հարուստ մշակութային ժառանգության վառ ապացույցն են: Դեսպանի շնորհավորանքին միացել է նաև Յենայի քաղաքապետը: Այնուհետև, կողմերն անդրադարձել են հայ-գերմանական մշակութային կապերին և քննարկել առաջիկա համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպման ավարտին, գերմանական կողմը շնորհակալություն է հայտնել ՀՀ մշակույթի նախարարին՝ ջերմ ընդունելության և հետաքրքիր հանդիպման համար: Այցի շրջանակում, Յենայի պաշտոնական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Երևանի և Գյումրու քաղաքապետերի հետ, ինչպես նաև կայցելի «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան, «Զվարթնոց» և «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարաններ, Գեղարդ վանական համալիր:

Նմանատիպ նյութեր