Ողբերգական ավտովթար Սևանի ճանապարհին. երիտասարդ վարորդը Prado-ով մոտ 100 մ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ձորում. նա տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Toyota Land Cruiser  50 DL 050 համարանիշի ավտոմեքենայի վարորդը  Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում՝ Գագարին գյուղի վարչական տարածքում, դեպքի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելասյանը և մոտ 100 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է  դաշտամիջյան հատվածում:
 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  վարորդը տեղում մահացել է: 
Բախման հետևանքով ավտոմեքենայի գազաբալոնն ու պահեստային անվահեծանը պոկվել և մեքենայից  մի քանի մետր հեռու են շպրտվել:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: 
Ժամանել են  նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: 
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին  ասում էին, որ մահացածը  Դիլիջանի բնակիչ, 36-ամյա  էդգար Մարգարյան էր, իսկ շտապօգնության ավտոմեքենային հիվանդանոց են ուղեկցել Սևանի ոստիկանապետ Վ. Աղեկյանն ու 4-րդ վաշտի հրամանատար Ս. Հակոբյանը: 
Մահացածին ավտոմեքենայից դուրս  են բերել Սևանի թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: 
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով  ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: 
Այս պահին ՃՈ ավագ տեսուչ  Գոռ Մանուկյանը վթարի վայրից հեռացնում է հետաքրքրասեր   քաղաքացիներին, որպեսզի խցանում տեղի չունենա: 
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ վարորդը եղել է քաղաքացիների նշած անձը:
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


