130120 դիտում
11:12 23-09-2016
Բաց նամակ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին. միայն Դուք կարող եք կանխել դատական համակարգի անարդարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հարգելի պարոն նախագահ, ես՝ Արաքսյա Գրիգորյանս, դիմում եմ Ձեզ անզորությունից դրդված՝ հուսալով, որ թույլ չեք տա մարի որդեկորույս մոր՝ արդեն փշրված հավատը արդարության հանդեպ։ Սույն թվականի ապրիլի 3- ին ժամը 2-ի սահմաններում Աբովյանի Հանրապետության խաչմերուկում 25-ամյա Սերյոժա Աղոյանի վարած մեքենան հարվածել է Շանթ Մանուկյանի վարած մեքենային։ Ապրիլի 2-ին, երբ պատերազմական ծանր իրավիճակ էր սահմանին, երբ բազում երիտասարդներ իրենց կյանքն էին կորցնում մեր իսկ խաղաղության համար, Ս. Աղոյանը խրախճանքների մեջ էր։ Նա ոչ սթափ վիճակում (խմածության աստիճանը գերազանցել է թույլատրվածից երեք անգամ ավել) վարել է մեքենան շատ մեծ արագությամբ և անտեսելով կարմիր լույսը՝ սարսափելի ուժգնությամբ հարվածել է կանաչ լույսով խաչմերուկը հատող մեքենային, որի հետնամասում նստած է եղել որդիս։
3 օր ու գիշեր պայքարելուց հետո տղաս այդպես էլ գիտակցության չգալով հեռացավ մեզանից։
Սերյոժա Աղոյանը մինչ օրս ազատության մեջ է, թեև քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և գործով առկա ապացույցները փաստում են նրա մեղավորությունը։ Չարենցավանի դատավոր Հովհաննես Ավագյանը մերժել է քննիչի հայցը և ամուսնուս միջնորդությունը Ս. Աղոյանին կալանավերելու մասով։ Ս. Աղոյանը երկրապահ կամավորականի որդի է։ «Երկրապահ» հայրը թերացել էր դաստիարակել որդուն, սովորեցնել, որ ոչ սթափ վիճակում մեքենա չեն վարում, որ արագությունը չեն գերազանցում, որ մարդ չեն սպանում։ Եվ հիմա էլ հայրը անում է ամեն ինչ, որպեսզի որդին խուսափի պատասխանատվությունից՝ պատճառաբանելով նրա առողջական վիճակը (ինչին խիստ կասկածում եմ, փաստաթղթերով՝ միգուցե, բայց ոչ իրականում)։ Ու հիմա էլ նրանք հավատով սպասում են, որ իրենց որդին համաներում պիտի ստանա։
Երբեք, եթե մարդասպանին ներում շնորհվի, հետևություն կանեմ, որ խրախուսում եք մարդասպաններին, ու ես վերջնականապես կկորցնեմ հավատս արդարության հանդեպ։ Մի՞թե երկրապահ կամավորականը չի գիտակցում, որ իր որդին չէր հայտնվի այս իրավիճակում, եթե ինքը չօգներ նրան խուսափել նախկինում գործած հանցանքների պատասխանատվությունից։
Ես և ամուսինս դաստիարակել ենք արժանավոր ՀՀ քաղաքացի։ Որդիս ծառայել է ԼՂՀ ում։ Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և շնորհակալագրերի։ Զորացրվել է որպես ավագ սերժանտ։ Սովորում էր ԵՊՏ համալսարանի 2- րդ կուրսում։ Որդիս լի էր կյանքով ու նախագծերով։ Որդուս կորուստը փշրեց մեր երբեմնի երջանիկ ընտանիքը։ Կյանքից հեռացավ մի լուսավոր 21 տարեկան պատանի, որովհետև Ս. Աղոյանը, հովանավորչության ու անպատժելիության մթնոլորտում կարծում է՝ իրեն ամեն ինչ կարելի է։
Չգիտեմ՝ ինչպես կոչել մեկին, ով պատերազմական լարված իրավիճակի ու տասնյակ զոհերի պարագայում հայտնվում է ընկերուհու հետ խրախճանքների մեջ։ Ու նման մարդու արարքը որակել անզգուշությո՞ւն։ Ո՛չ, սա ոչ դիտավորյալ սպանություն է և ոչ թե անզգուշություն։ Ոչ սթափ վարորդը պոտենցիալ մարդասպան է։ Միակ տարբերությունը մարդասպանի և ոչ սթափ վարորդի այն է, որ ոչ սթափ վարորդը նախապես չի ընտրում իր զոհին։
Պարոն Նախագահ, հավատով դիմում եմ Ձեզ, հետևողական եղեք այս քրեական գործի դատավարությանը և թող Ս. Աղոյանը խստագույն պատիժ կրի տղայիս կյանքը խլելու ու մեր կյանքերը փշրելու համար։
[b]Խորին հարգանքով՝ Արաքսյա Գրիգորյան[/b]
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/07/81760/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 6-ին հիվանդանոցում մահացել էր Աբովյան քաղաքի բնակիչ, 22-ամյա Մարտին Ալեքսանյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 3-ին Ազգային ժողովի պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի որդու՝ Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Շանթ Մանուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Ավելի վաղ ֆոտոլրագրողը դեպքի վայրից հայտնել էր, որ ապրիլի 3-ին խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում` «Աննա» ծաղկի սրահի դիմաց, բախվել էին Աբովյան քաղաքի Սարալանջ 11 փողոցի բնակիչ, 21-ամյա Շանթ Մանուկյանի վարած BMW 650 մակնիշի 05 MՏ 555 համարանիշի և Բալահովիտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սերյոժա Աղոյանի վարած Mercedes G մակնիշի 01 ՏA 099 համարանիշի ավտոմեքենաները: Բախումից հետո նշված ավտոմեքենաները բախվել էին կայանված վիճակում գտնվող, Աբովյան քաղաքի Բարեկամության 1-ին շենքի բնակիչ, 25-ամյա Կարեն Պետրոսյանին պատկանող Mercedes մակնիշի 81 VՍ 008 համարանիշի, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ 41-ամյա Քրիս Մեհրաբյանի վարած Mercedes մակնիշի 81 ZC 800 համարանիշի և Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ, 32-ամյա Արման Խաչատրյանին պատկանող Opel մակնիշի 03 OՍ 166 համարանիշի ավտոմեքենաներին։
Վթարի հետևանքով BMW –ի վարորդ Շ. Մանուկյանը, ուղևորներ` Աբովյան քաղաքի բնակիչներ, 22-ամյա Մարտին Ալեքսանյանը, 21-ամյա Կորյուն Մարգարյանը, Mercedes-ի վարորդ Ս. Աղոյանը, նրա ուղևոր, Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակչուհի, 21-ամյա Լիաննա Մովսիսյանը, Mercedes-ի վարորդ, 25-ամյա Կ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից 3 հոգի տեղափոխվել էին Երևանի հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվ էր գործել Աբովյանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
25596 դիտում
18:40 18-12-2017
Բաց նամակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Աժ նախագահ Արա Բաբլոյանին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին
Այս բաժնից
553 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
445 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
673 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am