Սյունիքի մարզում ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարների ավտովթարի փաստով նյութեր են նախապատրաստվում
Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի քննիչ Ա. Մանուչարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ժամը 09։40-ի սահմաններում Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի բնակիչ, 31-ամյա Գևորգ Եղոյանը Երևան-Գորիս ավտոճանապարհի 226-րդ կմ հատվածում իր վարած Opel Vectra մակնիշի 34 ZM 276 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Եղոյանն ու ուղևորներ՝ Երևան քաղաքի Ավան Առինջ փողոցի բնակիչ, 33-ամյա Սարգիս Հովհաննիսյանը և Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ, 30-ամյա Արմեն Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է այն, որ վարորդ Գ. Եղոյանի առջև «06» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստեղծել է վթարային իրավիճակ և որպեսզի բախում տեղի չունենա, Գ. Եղոյանը փորձել է խույս տալ բախումից, ինչն էլ դարձել է կողաշրջման պատճառ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները աշխատում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում՝ որպես մրցավարներ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի