211652_close_icon
views-count2499 դիտում article-date 23:05 29-08-2016

Լեհաստանի Լանցկորոնա քաղաքում «Հայկական օրեր» մշակութային միջոցառումներ են անցկացվել

Օգոստոսի 27-28-ին «Հայկական օրեր» խորագրով միջոցառումներ են անցկացվել Լեհաստանի Լանցկորոնա քաղաքում, որոնք կազմակերպվել էին «Հայ-լեհական համագործակցություն» և «Լանցկորոնայի բարեկամների ընկերակցություն» հասարակական կազմակերպությունների կողմից՝ Լեհաստանում ՀՀ դեսպանության և Լանցկորոնայի տեղական իշխանությունների հովանու ներքո։ Միջոցառումների բացման պաշտոնական արարողության ժամանակ ելույթով հանդես եկան Լանցկորոնայի շրջանի ղեկավար Թադեուշ Լոպատը, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, «Հայ-լեհական համագործակցություն» ՀԿ նախագահ Մարինա Խանամիրյանը, «Լանցկորոնայի բարեկամների ընկերակցություն» ՀԿ նախագահ Աննա Լեշչինսկան։ Իր ելույթում դեսպան Ղազարյանը նշել է, որ «Հայկական օրեր» միջոցառումները բացառիկ հնարավորություն են ընձեռում լեհ հասարակությանը ներկայացնելու Հայաստանն ու Արցախը, մեր ժողովրդի հազարամյա պատմությունը, մշակույթն ու խոհանոցը։ Կրակովի հայկական դպրոցի սաները միջոցառման մասնակիցներին ներկայացրեցին հայ երգարվեստը, որն ամփոփվեց Կալիշում բնակվող ջութակահար Քրիստինե Հարությունյանի՝ Կոմիտասի, Էդուարդ Բաղդասարյանի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարումներով: Հայ դասական գրականությանը նվիրված հատվածում ընթերցվեցին Գրիգոր Նարեկացու լեհերեն թարգմանություններից մի շարք ստեղծագործություններ: Միջոցառումների շրջանակներում կազմակերպվել էր Բիեժուն քաղաքի՝ Հայաստանին նվիրված մանկական գեղանկարչական մրցույթում հաղթող ճանաչված լեհ երեխաների աշխատանքների ցուցադրությունը։ Հաջորդ օրը Լանցկորոնա քաղաքի կենտրոնական հրապարակում Կրակովի նորաբաց հայկական ռեստորանի խոհարար, Հայաստանի խոհարարների ասոցիացիայի անդամ Դավիթ Սահակյանի կողմից իրականացվեց հայկական խոհանոցի ուտեստների շնորհանդես: Հայկական էստրադային երգերի կատարումներով հանդես եկավ հայ երաժիշտների մասնակցությամբ Վարշավայում գործող «Հաբիարջան» համույթը։

Նմանատիպ նյութեր