Հաստատվել է 7-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է հանրակրթական հիմնական դպրոցի 7-րդ դասարանի "Ազգային երգ ու պար" առարկայի փորձնական ծրագիրը:
Ըստ այդմ՝ ծրագիրն իրականացնող դպրոցներում "Ազգային երգ ու պար" առարկային հատկացվում է շաբաթական 1,5 դասաժամ՝ տարեկան 51 դասաժամ, որը դպրոցը կարող է տրամադրել դպրոցական բաղադրիչին կամ "Ֆիզկուլտուրա" առարկային հատկացված դասաժամերից: "Ազգային երգ ու պար" առարկայի 7-րդ դասարանի փորձնական ծրագրի հեղինակը "Կարին" ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, պարուսույց Գագիկ Գինոսյանն է:
Ծրագիրը ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի կողմից ստացել է դրական եզրակացություն:
Նշենք, որ "Ազգային երգ ու պար" առարկան ՀՀ հանրակրթական դպրոցներում ներդրվել է 2014-2015 ուսումնական տարվանից սկսած: Առարկայի ուսուցումն իրականացվում է 5-7-րդ դասարաններում: Այս տարի "Ազգային երգ ու պար" առարկայի դասավանդումը կիրականցվի 113 հանրակրթական դպրոցներում: