Ադրբեջանը հակված չէ անգամ կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները. Ալեքսանդր Իսկանդարյան
Միշտ էլ խոսվել է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի փոխզիջումների հիման վրա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Կովկաս ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ նրա՝ դեռևս 2007 թ.-ից ԼՂՀ բանակցային գործընթացում ոչինչ չի փոխվել, փոխզիջումային տարբերակները քննարկվել են, պարզապես հիմա փոխվել է Հայաստանում ու Ադրբեջանում տիրող իրավիճակը։
«Եթե Հայաստանում բաց խոսում են այս մասին, Ադրբեջանում փոխզիջումների մասին բաց չեն կարող խոսել։ Այնպես չէ, որ Հայաստանում իշխանությունները նոր են խոսում փոխզիջումներից»,–ասաց քաղաքագետը՝ նշելով, որ հիմա բանակցություններ են ընթանում ոչ թե նրա համար, որ բանակցային գործընթացում ինչ-որ ելքեր գտնեն, այլ որ բացառեն իրավիճակի սրումը։
Միաժամանակ, Իսկանդարյանը նկատեց, որ Ադրբեջանը հակված չէ անգամ վերջին հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնել։