211652_close_icon
views-count1752 դիտում article-date 17:09 09-08-2016

ՀՀ առողջապահության նախարարության և «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ»-ի միջև ստորագրվել է համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիր

ՀՀ առողջապահության նախարարության և «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջև ստորագրվեց շարունակական համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիր։ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի և Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության ղեկավար Ժիրայր Էդիլյանի կողմից վավերացված Հուշագիրն ուղղված է մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների որակի բարելավմանը, հանրային առողջության և առողջապահության ոլորտում շահերի պաշտպանությանը, առողջապահության համակարգի հզորացմանը։ Հանդիպման ընթացքում Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության ներկայացուցիչները նախ ներկայացրեցին Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում և 6 մարզում՝ Արագածոտնում, Գեղարքունիքում, Շիրակում, Լոռիում, Սյունիքում և Տավուշում իրենց կողմից իրականացվող աշխատանքները։ ՀՀ առողջապահության նախարարության հետ երկարատև համագործակցության ընթացքում կազմակերպությունը շեշտադրում է հատկապես մոր և մանկան, մասնավորապես` հղիությունից մինչև 5 տարեկան երեխաների առողջության պահպանման, ծնողների, բուժաշխատողների կրթման, բուժհաստատությունների հզորացման, հանրային իրազեկման և այլ ծրագրերը։ Ընդգծվեց բուժքույրերի շարունակական կրթման կազմակերպման արդյունավետությունը մարզերում` հավելելով, որ այս տարվա դասընթացներին նախարարությունը կրեդիտներ է շնորհել։ Ներկայացվեցին 2015թ. 7 մարզում երեխաների աճի և ֆիզիկական զարգացման ուսումնասիրության նպատակով իրականացված հետազոտությունների արդյունքները։ Փոխնախարարը կարևորեց Վորլդ Վիժն Հայաստանի ներդրումը երկրի համար գերակա այս ոլորտում` շեշտելով, որ իրականացվող ծրագրերը համահունչ են նախարարության ընդհանուր ռազմավարությանը և նպատակներին։ Ստորագրված հուշագիրն ամրագրում է այս համագործակցության շարունակականությունը։ Շեշտադրելով հատկապես կարիքավոր ընտանիքների երեխաների և մայրերի համար բուժծառայությունների հասանելիության և որակի բարելավումը` Վորլդ Վիժն Հայաստանը կշարունակի իրականացնել շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումներ, որոնք կնպաստեն մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների որակի բարելավմանը և առողջապահության համակարգի հզորացմանը, ինչպես նաև կկազմակերպի առողջ սնուցման, երեխայի խնամքի և զարգացման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ: 2016-2018թթ. համագործակցության շրջանակում առանցքային կլինեն նաև կրծքով կերակրման խրախուսման և այլ ծրագրերը։

Նմանատիպ նյութեր