3672 դիտում
15:54 02-08-2016
Բազմաթիվ հակասություններ՝ ծննդկան Մերի Մարգարյանի քրեական գործին առնչվող փաստաթղթերում
Շենգավիթի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր մեկնարկած ծննդկան Մերի Մարգարյանի և նորածնի մահվան գործով երրորդ դատական նիստին շարունակվեց գրավոր ապացույցների հետազոտումը, որը վերաբերում էր գործում առկա բժշկական փաստաթղթերի գրառումների հրապարակմանը:
Համաձայն դրանցից մեկի` 2015թ. հուլիսի 26-ին Մ. Մարգարյանը հիվանդանոց է ընդունվել բարձր ջերմությամբ, գանգատվել է թուլությունից։ Մինչդեռ մեկ այլ` 27.07-ով թվագրված գրառման համաձայն` նա ընդունվել է «Էրեբունի» ԲԿ՝ ծայրահեղ ծանր վիճակում, գիտակցություն չի ունեցել:
Նույն օրը կլինիկական ախտորոշում է դրվել.«հետծննդյան շրջան, կեսարյան հատումից հետո. երկկողմանի թոքաբորբ, «HELLP» սինդրոմ համախտանիշ, լյարդ, երիկամների անբավարարություն, սեպսիս, հարաճող պոլիօրգանային անբավարարություն»:
Հուլիսի 28-ին, ըստ բժշկական թերթիկի՝ Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն՝ 40- 41 աստիճան:
Պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից լրացված փաստաթղթերում ակնհայտ հակասություններ կան:
«Հարգելի դատարան, ներկայացված փաստաթղթերում մի տեղ ասվում է, որ գիտակից է, առույգ, մեկ այլ տեղ ասվում է՝ անգիտակից: Փաստաթղթերի հակասություն կա, որովհետև ասվում է՝ համ գիտակցություն չունի, համ գանգատվում է»,-հայտարարեց ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը:
Մյուս ամբաստանյալ Անի Բաբելյանի պաշտպան Գեղամ Հակոբյանն էլ նշեց, որ բժշկական փաստաթղթերում առկա են նաև օտար լեզվով գրառումներ: Ըստ նրա` գործում առկա բոլոր օտար լեզվով փաստաթղթերը պետք է թարգմանված լինեն հայերեն, ինչը չի արվել:
Մերի Մարգարյանի իրավահաջորդի պաշտպան Թովմասյանն առարկեց փաստաթղթերի հակասության մասին պաշտպանական կողմի հայտարարություններին` ասելով, որ ցուցմունքներ կան փաստաթղթերի վերաբերյալ. «Ես կհորդորեմ նման հայտարարությունից զերծ մնալ և նման հայտարարություններ անել ցուցմունքներ տալուց և հետազոտումից հետո»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստն ընդհատվել էր քրեական գործին կից փաստաթղթերի հետազոտման փուլում, ինչը շարունակվեց այս դատական նիստին::
Հակասություն կա նաև Մերի Մարգարյանի ամուսնու` Արթուր Հարությունյանի կողմից ստորագրված փաստաթղթում: Փաստաթղթում, մի տեղ նշված է՝ համաձայն եմ, որ ներարկում արվի, մեկ այլ տեղ գրած է՝ համաձայն չեմ, և ոչ մի տարբերակ ընդգծած չէ:
Հիշեցնենք, որ «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին և նույն բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն իրականացնողը, եթե թերանում է ու անզգուշությամբ հանգեցնում հիվանդի մահվան, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով, իսկ պաշտոն զբաղեցնելու դեպքում` ազատում պաշտոնից` առավելագույնը 3 տարի ժամկետով): Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
3496 դիտում
16:17 09-03-2016
Ծննդկան Մերի Մարգարյանի գործով «Շենգավիթ» ԲԿ-ի մեկ այլ բժշկուհու ևս մեղադրանք առաջադրվեց
4660 դիտում
08:27 26-01-2016
«Էրեբունի» բ/կ-ում ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանը H1N1 գրիպի առաջին զոհն է եղել. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1006 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
985 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
919 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր