211652_close_icon
views-count1737 դիտում article-date 21:15 29-07-2016

Տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի փակման արարողությունը

Հուլիսի 29-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի՝ «Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում» և «Հայոց լեզվի արագացված ուսուցում» դասընթացների փակման հանդիսավոր արարողությունը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը մասնակիցներին փոխանցեց նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը: Նա շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ողջ պրոֆեսորադասախոսական կազմին՝ դասընթացները ամենայն պատասխանատվությամբ և բարձր մակարդակով կազմակերպելու համար: Մելիքյանը մասնավորապես կարևորեց դպրոցի դերը համայնքներում ազգային ինքնության պահպանման, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության բարձրացման և հայկական մշակույթի տարածման գործում: «Սփյուռք» ամառային դպրոցը նախարարության ամենասիրված ծրագրերից է: Սիրելի՛ մասնակիցներ, վստահ եմ, որ Հայրենիքից հեռանում եք՝ կրկին վերադառնալու ակնկալիքով և գնում եք ձեր համայնքներում փոքրիկ Հայաստան կառուցելու», - նշեց Վ.Մելիքյանը: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ «Սփյուռք» ամառային դպրոցի ղեկավար Մհեր Հովհաննիսյանը: Նա ընդգծեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության հետ ԵՊՀ համագործակցությունը արդյունավետ է, դպրոցը տարեցտարի գրանցում է նորանոր հաջողություններ: ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը և դպրոցի ղեկավարը հավաստագրեր հանձնեցին դպրոցի երկու դասընթացների մասնակիցներին: «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները հանդես եկան համերգային ծրագրով, նրանք ասմունքեցին և ներկայացրին ծրագրի ընթացքում սովորած մի շարք պարեր և երգեր: Ելույթ ունեցան նաև ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները:

Նմանատիպ նյութեր