2906 դիտում
20:15 06-07-2016
Տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հուլիսի 6-ին ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության 2016թ. «Սփյուռք» ամառային ամենամյա դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը: Ծրագիրն իրականացվում է ԵՊՀ-ի հետ համատեղ:
Դպրոցի հանդիսավոր բացմանը մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, մտավորականներ, հյուրեր:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով մասնակիցներին՝ նախարարը նշեց. «Ուրախ եմ Հայաստանի և Արցախի 25-ամյա հոբելյանական տարում ողջունել ձեզ Հայրենիքում: Շնորհավորում եմ նաև «Սփյուռք» ամառային դպրոցի 5-ամյա հոբելյանի առթիվ»:
Անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին՝ նախարարն ընդգծեց, որ դպրոցի մասնակից մեր հայրենակիցներից յուրաքանչյուրն իր բնակության երկրում ամեն ինչ արել է՝ Արցախին օգնելու համար և հավելեց. «Ուզում եմ հիշել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի խոսքերը՝ օրվա մեջ նախ արեք այն, ինչը պարտավոր եք, ապա՝ ինչ կարող եք, և դուք կանեք անհնարինը: Սիրելի՛ մասնակիցներ, ես համոզված եմ, որ Սփյուռքում մեր ոսկեղենիկ մայրենին պահելու և մատաղ սերնդին փոխանցելու գործում դուք անում եք անհնարինը: Մենք բարձր ենք գնահատում ձեր նվիրումն ու ջանքերը, քանի որ ուծացման դեմ պայքարի միակ միջոցը մայրենի լեզվին տիրապետելն է և հայ մշակութային, հոգևոր արժեքներով սերունդներին դաստիարակելը: Վստահ եմ, որ մեր մասնագետները ձեզ համար կկազմակերպեն հետաքրքիր և համապարփակ դասընթացներ, և դուք կվերադառնաք ձեր բնակության երկրներ՝ զինված հայոց լեզվի և հայ մշակույթի մասին անհրաժեշտ ու խորը գիտելիքներով»:
Նախարար Հրանուշ Հակոբյանը նաև հույս հայտնեց, որ 2017թ. ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը կանցկացվի ՀՀ ԿԳՆ հետ համատեղ և ԵՊՀ փորձառու մասնագետների ուժերով:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նա կարևորեց նման ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ դրանք նպաստում են Սփյուռքում հայապահպանության գործին: Լևոն Մկրտչյանը շեշտեց, որ 2016թ. մեծ թիվ են կազմում վերապատրաստվող պոլսահայ ուսուցիչները, ինչպես նաև մանկավարժները Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերից:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ «Սփյուռք» ամառային դպրոցը ԵՊՀ հետ համատեղ կազմակերպելու համար՝ բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ համալսարանը ոգևորված և մեծ նվիրումով է լծված դպրոցի իրականացման աշխատանքներին:
Կիևի մեկօրյա հայկական դպրոցի ուսուցչուհի Ռուզաննա Մարտիրոսյանը նշեց. «Ծրագրին մասնակից բոլոր ուսուցիչները շնորհակալ են այն հոգատար վերաբերմունքի համար, որ ստանում են ձեզանից: Հայրենիքը մեր արյան, մեր սրտի ու մեր աղոթքների մեջ է, իսկ նրա հետ կապը մենք իրականացնում ենք հենց ձեր միջոցով»:
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ համերգ, որը կազմակերպել էր ԵՊՀ մշակույթի կենտրոնը: Ելույթ ունեցան մշակույթի կենտրոնի սաները՝ (տնօրեն՝ Կարինե Դավթյան) «Կարին» ավանդական երգի-պարի խումբը (ղեկավար՝ Գագիկ Գինոսյան) և այլք:
«Սփյուռք» ամառային դպրոցում դասընթացները կանցկացվեն հինգ ուղղություններով՝
1. Հայոց լեզվի արագացված ուսուցում (հուլիսի 3-30),
2. Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում
(հուլիսի 3-30),
3. «Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչներ» դասընթաց (հուլիսի 3-16),
4. Լրագրողների վերապատրաստում (հուլիսի 3-16),
5. Ազգային երգի ու պարի վարպետություն (հուլիսի 3-16):
Բացի տեսական ու գործնական դասերից՝ կկազմակերպվեն նաև մշակութային միջոցառումներ, այցելություններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակութային գործիչների, հոգևոր այրերի հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
2561 դիտում
21:35 15-07-2016
Տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի երեք դասընթացների փակման արարողությունը
1734 դիտում
21:15 29-07-2016
Տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի փակման արարողությունը
6385 դիտում
13:53 06-08-2019
Արցախում այսօր տեղի է ունենալու Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը
Այս բաժնից
571 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը