211652_close_icon
views-count2528 դիտում article-date 21:35 15-07-2016

Տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի երեք դասընթացների փակման արարողությունը

Հուլիսի 15-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի՝ «Երիտասարդ առաջնորդների», «Լրագրողների վերապատրաստում», «Ազգային երգ ու պարի վարպետություն» դասընթացների փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, մտավորականներ, հյուրեր: Ողջունելով ներկաներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Սիրելի՛ մասնակիցներ, ուրախ եմ, որ «Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում անցկացրած օրերն անմոռանալի դարձան ձեզ համար ո՛չ միայն գիտելիքների ձեռքբերման, փորձի փոխանակման, այլ նաև Հայրենիքը տեսնելու, նրա խնդիրներին առավել մոտիկից ծանոթանալու առումով: Շնորհակալ եմ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, որ Մայր բուհի դռներն ու հնարավորությունները լայնորեն բացեց Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցների առջև, «Սփյուռք» ամառային դպրոցի ղեկավար Մհեր Հովհաննիսյանին, ով մեծ նվիրումով և բարձր մակարդակով իրականություն դարձրեց դասընթացները: Համոզված եմ, որ մեր մասնակիցներից յուրաքանչյուրը պիտի դառնա Սփյուռքի նախարարության դեսպանը իր բնակության երկրում, հայապահպան գործունեություն պիտի ծավալի և իր ընկերներին ներգրավի այդ աշխատանքներում: Սիրելի՛ մասնակիցներ, ձեր ոգևորությունը տեսնելով՝ վստահ եմ, որ ամեն մեկդ հայկական մշակույթի ու արժեքների պաշտպանը պիտի դառնաք օտար ափերում, պիտի ապրեցնեք և փոխանցեք հայերենը նաև մատաղ սերունդներին»: ՀՀ սփյուռքի նախարարը և ԵՊՀ ռեկտորը շնորհակալագրեր և հավաստագրեր հանձնեցին դպրոցի երեք դասընթացների մասնակիցներին: Լրագրողների դասընթացի մասնակից Շաքե Մանգասարյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը, հատկապես նախարարին և նշեց. «Հուզված ենք և այս հրաշալի օրերը Հայրենիքում անցկացնելուց հետո չենք ուզում վերադառնալ մեր բնակության երկրներ: Հիմա ենք տեսնում այն հսկայածավալ աշխատանքը, որ իրականացնում է Սփյուռքի նախարարությունը մեզ այսպես հոգատար ընդունելու, վերապատրաստելու և կրթելու համար: Իսկապես նախանձելի կառույց է դարձել մեր՝ յուրաքանչյուր սփյուռքահայիս համար աշխատող նախարարությունը: Եվ միայն նվիրումի, անձնվեր աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ հասնել այսպիսի արդյունքների: Մենք վստահում ենք ձեզ և ուրախ ենք, որ մասնակցում ենք նախարարության ամենաբազմաբնույթ ծրագրերին: Մենք գնում ենք, բայց անպայման վերադարձի ակնկալիքով ու ցանկությամբ»: «Սփյուռք» ամառային դպրոցի՝ Ազգային երգի ու պարի դասընթացի մասնակիցները, ինչպես նաև մի քանի վերապատրաստվող ուսուցիչներ հանդես եկան համերգային ծրագրով, նրանք ասմունքեցին և ներկայացրին այս օրերին սովորած մի շարք պարեր և երգեր: Այնուհետև ելույթ ունեցան ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները և Գագիկ Գինոսյանի «Կարին» երգի ու պարի խումբը: Դպրոցի մյուս դասընթացները կշարունակվեն մինչև հուլիսի 30-ը:

Նմանատիպ նյութեր