211652_close_icon
views-count4355 դիտում article-date 18:15 20-07-2016

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային: Ողջունելով հյուրին` նախարարը շնորհակալություն է հայտնել Ջիմ Կոստային հայանպաստ գործունեության համար: Այնուհետև համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, ոլորտի գերակա ուղղություններն ու ընթացիկ ծրագրերը: Այս համատեքստում նախարարը ընդգծել է հատկապես ԱՄՆ գյուղդեպարտամենտի (USDA), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և ամերիկյան այլ կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը: «Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցության հիմքերը դրվել են Հայաստանի անկախացումից ի վեր, այս ընթացքում մեծ աջակցություն է ցուցաբերվել մեր երկրի տնտեսության, այդ թվում նաև` գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը: ԱՄՆ կառույցները մեծ օժանդակություն են տրամադրել հատկապես գյուղատնտեսության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման, վերամշակող ճյուղի զարգացման և այլ ուղղություններով», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը: Միաժամանակ նախարարը տեղեկացրել է, որ ամերիկյան կազմակերպությունների կողմից իրականացվող մի շարք ծրագրեր այսօր ևս ընթացքի մեջ են: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոլորտի առաջնային խնդիրներին, որոնց թվում նախարարը հատկապես կարևորել է կենդանիների համարակալման ու հաշվառման իրականացման, հակակարկտային պաշտպանիչ ցանցերի, ոռոգման նորագույն համակարգերի, նորաստեղծ գյուղատնտեսական կոոպերատիվներին նորագույն գյուղտեխնիկայով ապահովման անհրաժեշտությունը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ջիմ Կոստան նշել է, որ իր այցի նպատակներից մեկը գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավորություների քննարկումն է: Հետագա աջակցությունն առավել առարկայական դարձնելու նպատակով պարոն Կոստան առաջարկել է մինչև այցի ավարտը պատրաստել և ներկայացնել համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ առաջարկությունների ցանկ: Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանը Ջիմ Կոստային խնդրել է փոխանցել ԱՄՆ գյուղդեպարտամենտի քարտուղարի տեղակալին` Հայաստան այցելելու հրավերը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր