211652_close_icon
views-count1028 դիտում article-date 18:25 13-07-2016

Գործի հաջողության կեսը՝ նվիրված մարդն է. ԿԳ նախարար Լևոն Մկրտչյան

աշվի առնելով ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում երիտասարդ կադրերի ներգրավման կարևորությունը, աշակերտների համար կրթական ռեսուրսների մատչելիության անհրաժեշտությունն ու կուտակված միջազգային փորձի կիրառման կարևորությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, և "Դասավանդի՛ր, Հայաստան" կրթական հիմնադրամը` ի դեմս կազմակերպության նախագահ Լարիսա Հովհաննիսյանի, այսօր կնքել են փոխըմբռնման հուշագիր։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ "Դասավանդի՛ր, Հայաստան" կրթական հիմնադրամի հետ իրականացվող ծրագիրը կարևոր է Հայաստանի համար և կրթական, և բարոյական տեսակետից: "Ի դեմս մեր հարգելի գործընկերների՝ Հայաստանում սկսում է ձևավորվել հայկական կամավորական շարժումը, որը, հույս ունեմ, կունենա մասսայականություն և կընդգրկի ավելի լայն շերտեր: Այս գործը կարևոր է մեր երկրի համար, որովհետև ապացուցում է միասնականության և առաքելության գիտակցումը և ամենակարևորը՝ սովորեցնում է մարդկանց բացի սեփական կարիերա անելուց և սեփական ճանապարհով գնալուց նաև օգտակար լինել մյուսներին", - նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով "Դասավանդի՛ր, Հայաստան" կրթական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդին, ֆինանսավորողների և գաղափարախոսության հիմքում կանգնած բոլոր կազմակերպություններին: "Երբ գործի գլխին կանգնած է նվիրված մարդ, ապա գործի հաջողության կեսն ապահովված է: Ես ուրախ եմ, որ մեր գործընկերները նման մարդիկ են, ովքեր թողնելով հանգիստ կյանքը և լավ աշխատանքը, փորձել՝ հանուն ապագայի իրականացնել լուրջ ծրագրեր՝ գաղափարական որոշակի հիմքերից ելնելով ",- նշել է նախարարը և հատուկ շնորհակալություն հայտնել նաև միջոցառմանը ներկա IDeA և RVVZ բարեգործական հիմնադրամների համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդին և Teach For All-ի համաշխարհային ցանցի տնօրեն և համահիմնադիր Ուենդի Քոփին: "Հայաստանում շատ ծրագրեր երազից դառնում են իրականություն՝ տարբեր կազմակերպությունների հետևողական ջանքերի շնորհիվ: Ցանկանում եմ հատուկ շեշտել նաև ամերիկյան գործընկերների ներդրումը, որովհետև Teach For All-ի հիմքում կամավորության գաղափարախոսությունն է, որը ժամանակին ԱՄՆ նախագահ Քենեդին հռչակել է՝ որպես արժեհամակարգի տարածման ձևաչափ: Հայաստանի ներկայությունն այս մեծ կազմակերպությունում հայկական ձևաչափով շատ կարևոր է մեզ համար" - նշել է նախարարը՝ հույս հատնելով, որ ապագայում վերոնշյալ կազմակերպության հետ համագործակցությունը կընդլայնվի: "Դասավանդի՛ր, Հայաստան" կրթական հիմնադրամի նախագահ Լարիսա Հովհաննիսյանն նշել է, որ արդեն երկրորդ տարին է, ինչ հիմնադրամն աշխատում է ԿԳ նախարարության հետ: "Մենք սկսել ենք փոքր՝ 14 մասնակցից ընտրված խմբով. վերջիններս ներկայումս դասավանդում են ՀՀ Լոռու, Տավուշի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի դպրոցներում: Այս տարի ծրագիրը կընդգրկի նաև Արագածոտնի մարզը: Վստահ ենք, որ ճիշտ ճանապարհին ենք՝ Հայաստանի երեխաներին գերազանց կրթական հնարավորությամբ ապահովեու համար: Մեր ծրագիրը չէր կարող լիարժեք կայանալ՝ առանց ԿԳ նախարարության և ՀՀ մարզպետարանների, ինչպես նաև մեր գործըներ տնօրենների աջակցության, ովքեր մեզ բաց սրտերով են ողջունել իրենց համայնքներում: Հենց այս գործընկերության և մեր մասնակիցների հիանալի արդյունքների շնորհիվ է, որ արդեն այս սեպտեմբերից ավելի քան 50 ուսուցիչ կդասավանդի Հայաստանի ուսուցիչների պակաս ունեցող դպրոցներում: Եվ սա մեր տեսլականի իրականացման միայն սկիզբն է, որի համար Teach For All կազմակերպությունն աշխատում է 40 այլ երկրներում ևս", - նշել է Լարիսա Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ հպարտ է, քանի որ Հայաստանը մուտք է գործել համաշխարհային կրթական հարթակ Teach For All շնորհիվ: Վերջինս ողջ աշխարհում խրախուսում է նորարարական մեթոդների և առաջնորդության ներմուծումը հանրակրթության ոլորտ: IDeA և RVVZ բարեգործական հիմնադրամների համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդին իր հերթին նշել է, որ կրթությունը միավորում է աշխարհի բոլոր մարդկանց: "Կան մի քանի բաներ, որոնք ընդհանուր են բոլորի համար՝ անկախ մասնագիտությունից և աշխատանքից: Դա երեխաների առողջությունն է և ապագան: Պետության ապագան կապված է, թե ինչպիսի կրթական համակարգ ունես և ինչպես է դաստիարակվում նոր սերունդը: Այս ծրագիրն օրինակ է, թե ինչպես է Հայաստանը դառնում գլոբալ աշխարհի մի մաս", - նշել է նա՝ հույս հայտնելով, որ ապագայում ՀՀ բոլոր դպրոցներում կաշխատեն "Դասավանդի՛ր, Հայաստան" կազմակերպության ներկայացուցիչներ: Teach For All-ի համաշխարհային ցանցի տնօրեն և համահիմնադիր Ուենդի Քոփին նշել է, որ օրերս այցելել է Դիլիջանի միջազգային դպրոցում իրականացվող "Դասավանդի՛ր, Հայաստան" - ի ամառային ինստիտուտ, որի առթիվ հատնել է իր ոգևորությունը: "Շատ կարևոր է տեսնել այն առաջընթացը, որ գրանցել են ծրագրի մասնակիցները: Մենք մեր բոլոր ջանքերը և ռեսուրսները կուղղենք, որ բոլոր հայ երեխաները ստանան գերազանց կրթություն: Ոգևորված եմ, որ Հայաստանը մասնակից է մեր ցանցին" - նշել է նա՝ կարևորելով ԿԳ նախարարության հետ համագործակցությունը, քանի որ, ըստ բանախոսի, ծրագրի շրջանակում աշխարհում ամենամեծ հաջողության հասել են այն երկրները, որոնք արդյունավետ համագործակցել են պետական գերատեսչությունների հետ: Նշենք, որ նոր ուսումնական տարում "Դասավանդի՛ր, Հայաստան" կրթական հիմնադրամի կողմից ընտրված, բարձր որակավորում ունեցող 33 երիտասարդ մասնագետներ կմեկնեն Հայաստանի մարզեր՝ դասավանդելու մասնագետների պակաս ունեցող դպրոցներում: "Դասավանդի՛ր, Հայաստան" ծրագրի մասնակիցները դասավանդում են հանրակրթական ծրագրով նախատեսված բոլոր առարկաները՝ շեշտը դնելով հատկապես ճշգրիտ գիտությունների, բնագիտական առարկաների և օտար լեզուների ուսուցման վրա։

Նմանատիպ նյութեր