211652_close_icon
views-count1156 դիտում article-date 13:05 07-07-2016

Հանրային խորհուրդը քննարկել է տաքսի ծառայության ոլորտին առնչվող մի շարք հարցեր

Ս.թ. հուլիսի 6-ին տեղի է ունեցել աշխատանքային լայն քննարկում տաքսի ծառայության ոլորտի վերաբերյալ: Քննարկումը կազմակերպել է Հանրային խորհրդի Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման և երթևկության հարցերի ենթահանձնաժողովը (նախագահ` Տիգրան Հովհաննիսյան): Քննարկման առանցքում եղել է տաքսի ծառայության ոլորտում հավասար մրցակցային պայմանների ապահովման հարցը: Քննարկվել է նաև ռուսական «Յանդեքս» ընկերության մուտքը հայկական շուկա և ընկերության կողմից սահմանված աննախադեպ ցածր գները` հնարավոր դեմպինգային քաղաքականության իրականացման տեսանկյունից: Քննարկմանը մասնակցել են ոլորտի պետական և մասնավոր սեկտորի պատասխանատուներ` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջի տեղակալ Արթուր Առաքելյանը, նախարարության տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրա Մուշեղյանը, ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության զարգացման և իրավական վերլուծության վարչության պետ Բագրատ Ղազինյանը, ՀՀ ֆինանսների նախարարության պետեկամուտների քաղաքականությանև վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Արման Պողոսյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Արամ Սահակյանը, «gg» ընկերության համահիմնադիր Արտաշես Թովմասյանը, տաքսի ծաայություն իրականացնող ընկերությունների ղեկավարներ: Քննարկմանը մասնակցել է նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, որը հստակ հարցադրումներ է առաջ քաշել` ոլորտում արդար մրցակցության ապահովման, գնային քաղաքականության, նորագույն տեխնոլոգիաների կիրառումը ոլորտի օրենսդրական դաշտին համապատասխանեցնելու, ռուսական ընկերության գործունեության օրինականության, ինչպես նաև հաճախորդների շահերի պաշտպանության և սոցիալական խնդիրների լուծման հետ կապված: Առանձնացվել է հարցերի երկու շրջանակ. առաջինը տաքսի ծառայություն իրականացնող ընկերությունների` անհավասար օրենսդրական դաշտում գործելու խնդիրն է, ըստ որի նույն ծառայությունն իրականացնող ընկերությունների կամ անհատական գործունեություն իրականացնող տաքսու վարորդների մի մասն է միայն գործում օրենքով սահմանված կարգով, վճարում հարկեր և այլն, մյուս մասը նույն գործունեությունն իրականացնում է ապօրինի` խախտելով դաշտում հավասար մրցակցության պայմանները: Տաքսի ընկերությունների ղեկավարները ևս մեկ անգամ բարձրաձայնել են արդեն տարիներ շարունակ բարձրացվող այս խնդրի մասին` ակնկալելով, որ ի վերջո պետական կառույցները խնդրին վերջնական լուծում կտան: Վերջիններս խնդրահարույց են համարել նաև «gg» ընկերության գործունեությունը` նշելով, որ ընկերությունն, ըստ էության, իրականացնում է նույն դիսպետչերական ծառայությունը, սակայն գործում է` իբրև բարձր տեխնոլոգիաների ոլորտով զբաղվող ընկերություն` զերծ մնալով տաքսի ծառայության կազմակերպման համար սահմանված կարգով պետական վճարումներ կատարելուց և դրանով իսկ ոլորտում շահեկան դիրքեր զբաղեցնում: «gg» ընկերության ղեկավարն իր հերթին պարզաբանել է իրենց գործունեության յուրահատկությունը` նշելով, որ իրենց քաղաքականությունը միտված է ոլորտը զարգացնելուն` առանց վնասելու մյուս ընկերությունների շահերը: Ինչ վերաբերում է իրենց ընկերության հաջողություններին, ապա ընկերության ղեկավարը դա պայմանավորել է նորագույն տեխնոլոգիաների կիրառման, նոր չափորոշիչների սահմանման և որակյալ ծառայությունների մատուցման փաստով: Այնուամենայնիվ, նա առաջարկել է միասին քննարկել տաքսի ընկերություներին հուզող հարցերն ու հանդես գալ միասնական առաջարկներով: Այն, որ ոլորտում անհավասար մրցակցություն կա, ընդունել են նաև պետական պաշտոնյաները` այդ թվում նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամը, ինչին ի պատասխան տաքսի ծառայության ընկերությունների ներկայացուցիչները կրկին պահանջել են հարցն անհապաղ կարգավորվել: ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարարը ևս ընդունել է, որ անհավասար մրցակցային պայմանների խնդիր կա, որը նախևառաջ դրսևորվում է 10 հազար լիցենզավորված 20-30 հազար չլիցենզավորված տաքսիների առկայությամբ: Միաժամանակ նա հավելել է, որ կառավարությունը գնացել է առավելագույնս պարզեցված ձևով գործունեություն իրականացնելու թույլտվություն տալու ճանապարհով` փորձելով լուծել սոցիալական խնդիր: Սակայն, դա իր հերթին նվազեցրել է ոլորտում անվտանգության ապահովման և վերահսկողության իրականացման հնարավորությունները: Այդուհանդերձ փոխնախարարը կոչ է արել տաքսի ծառայություն իրականացնող ընկերությունների ղեկավարներին լինել միասնական, իրենց պահանջները հստակեցնել և ներկայացնել կոնկրետ առաջարկներ` պատրաստակամություն հայտնելով դրանք քննարկել ու լուծումներ գտնել: Հարցերի մյուս շրջանակը կապված է եղել ռուսական «Յանդեքս» ընկերության` հայաստանյան շուկա մուտք գործելու հետ: Ներկաները փաստել են, որ ընկերության կողմից 2 կմ-ի համար սահմանված 100 դրամ գինը խիստ կասկածելի է, և դրանում առկա է դեմպինգ իրականացնելու քաղաքականություն: Տաքսի ծառայության ներկայացուցիչները ներկայացրել են փաստեր, որոնք հաստատում են, որ նշված գինը ինքնարժեքից ցածր է` հավելելով, որ ռուսական ընկերությունը «400 դրամ» տարբերությունը վարորդներին վճարում է իր ֆինանսական ռեսուրսների հաշվին: Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան էլ իր հերթին է կարծիք հայտնել, որ կա դեմպինգի հավանականություն` ելնելով օրենսդրությունից բխող որոշ դրույթներից: Վազգեն Մանուկյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Արամ Սահակյանից հետաքրքրվել է, թե արդյոք հանձնաժողովը քննարկե՞լ է հնարավոր դեմպինգի հարցը: Վերջինս պատասխանել է, որ քանի դեռ ընկերությունը շուկայի մեկ երրորդից ավելին չի գրավել, ապա դա դեմպինգ համարվել չի կարող` հավելելով, որ ընկերության կողմից սահմանված ցածր գինը մարքեթինգային քայլ է, և որ պետք է նոր ընկերությանը շուկա մուտք գործելու հնարավորություն տալ: Վազգեն Մանուկյանը հակադարձել է` նշելով, որ հանձնաժողովը պետք է պաշտպանի իր պետության շահերը` թույլ չտալով, որ օտարերկրյա խոշոր ընկերությունները, օգտագործելով իրենց ֆինանսական հզոր ռեսուրսները, շուկայից դուրս մղեն տեղական ընկերություններին: Նա անհրաժեշտ է համարել ուսումնասիրել «Յանդեքս» ընկերության կողմից սահմանված գինն ու համապատասխան քայլեր ձեռնարկել դեմպինգային քաղաքականությունը կանխելու ուղղությամբ: Քննարկմանը ներկա չի եղել միայն «Յանդեքսի» ներկայացուցիչը, քանի որ որևէ կերպ հնարավոր չի եղել կապ հաստատել ընկերության ղեկավարության հետ: Ամփոփելով քննարկումը` Վազգեն Մանուկյանը հայտնել է, որ բարձրացված բոլոր հարցերը կամփոփվեն համապատասխան փաստաթղթում և կներկայացվեն ՀՀ վարչապետին:

Նմանատիպ նյութեր