211652_close_icon
views-count1711 դիտում article-date 13:49 06-07-2016

ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչները մասնակցում են ՆԱՏՕ-ի սեմինար-վարժանքին

Հուլիսի 4-7-ը ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պատվիրակությունը Ռումինիայի Թըրգու Մուրեշ քաղաքում մասնակցում է «Քաղաքացիական-ռազմական համագործակցության շրջանակներում առողջությանը սպառնացող աղետների արձագանքում» խորագրով սեմինար-վարժանքի: Կազմակերպիչներն են ՆԱՏՕ-ի աղետների արձագանքումը համակարգող եվրաատլանտյան կենտրոնը (EADRCC) Գյուղատնտեսության ու առողջ սննդի միավորված խումբը (JHAFG), Բնակչության պաշտպանության խումբը և Ռումինիայի կառավարությունը: Միջոցառումն անցկացվում է Թըրգու Մուրեշ քաղաքի արտակարգ իրավիճակների վարժանքների խաղարկման ազգային կենտրոնում ու բաղկացած է 2 մասից` սեմինար և վարժանք: Հարկ է նշել, որ նման խոշոր վիրտուալ վարժանք աշխարհում առաջին անգամ է կազմակերպվում, որի սցենարով տեղի է ունեցել պայթյուն` նյութերի արտանետումով, և անհրաժեշտ է իրականացնել բնակչության զանգվածային տարհանում: Վարժանքի վիրտուալ հատվածում ընդգրկված են արձագանքման համակարգի որոշում ընդունող բոլոր մակարդակները` տեղական, տարածքային, ազգային ու միջազգային: Սեմինարի միջոցով նախատեսվում է բարելավել առողջությանը սպառնացող աղետների արձագանքման ընթացքում ռազմա-քաղաքացիական համագործակցությունը՝ ընդգծելով առկա ազգային լավագույն փորձը և քաղված դասերը, որոնք առնչվում են միջադեպի կառավարման համակարգերին, խոշոր արտակարգ իրավիճակներում ռազմաքաղաքացիական և միջազգային արձագանքմանը (այդ թվում՝ զանգվածային տարհանմանը), ինչպես նաև անհրաժեշտ այլ կարողություններին: Վարժանքի հիմնական նպատակներն են` • բարելավել առողջությանը սպառնացող աղետների արձագանման կարողությունները. • ստուգել բնակչության զանգվածային տարհանման պլանները • բացահայտել ԱԻ կառավարման համակարգի առկա մարտահրավերները` ներառյալ առողջությանը սպառնացող աղետի դեպքում քաղաքացիական և ռազմական սկզբունքների միջև եղած տարբերությունները: Սեմինար-վարժանքին մասնակցում են ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր 16 երկրների (Հայաստան, Ավստրիա, ԱՄՆ, Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Գերմանիա, Իսրայել, Չեխիա, Էստոնիա, Նորվեգիա, Վրաստան, Սերբիա, Շվեդիա, Շվեյցարիա, Թուրքիա, Ուկրաինա), ինչպես նաև ՆԱՏՕ-ի միջազգային քարտուղարության ներկայացուցիչներ: Որպես խաղացողներ ներգրավված է 6 միջազգային թիմ՝ միջին դասակարգման քաղաքային որոնողափրկարարական (USAR), քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (CBRN) նյութերի վարակազերծման մեկ թիմ, CBRN նյութերի հայտնաբերման և նմուշառման, ինչպես նաև բժշկական օգնության 3 թիմ:

Նմանատիպ նյութեր