Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպել է Եգիպտոսի առևտրի և արդյունաբերության նախարարի հետ
Հուլիսի 3-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպել է Եգիպտոսի առևտրի և արդյունաբերության նախարար Թարեկ Կաբիլի հետ։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մելքոնյանը եգիպտացի նախարարին շնորհավորել է Էյդ Էլ–Ֆիտր իսլամական տոնի կապակցությամբ։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-եգիպտական առևտրա-տնտեսական համագործակցության հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների միջև գործնական կապերին նոր լիցք հաղորդելու ուղիների շուրջ։
Դեսպանը զրուցակցի ուշադրությանն է ներկայացրել վերջին տարիների ընթացքում Հայաստանի տնտեսական ոլորտում իրականացված բարեփոխումները և արձանագրած ձեռքբերումները, զարգացման դինամիկան և առանձնահատկությունները, ներդրումային մթնոլորտի և արտահանման կարողությունների բարելավման ուղղությամբ իրականացվող ծրագրերը։