211652_close_icon
views-count1727 դիտում article-date 18:05 28-06-2016

ՀՀ օդային տարածքի ոտնձգության դեպքում կկարողանանք օգտագործել ՌԴ ռազմաբազայի միջոցները. Արա Նազարյան

ՌԴ-ի և Հայաստանի միջև հակաօդային միավորված պաշտպանության պայմանագիրը հնարավորություն է տալիս, որպեսզի Հայաստանի օդային սահմանի նկատմամբ ոտնձգության դեպքում մեր երկիրը կարողանա օգտագործել ռուսական ռազմաբազայի միջոցները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը: «Սա համաձայնագիր է, որը գործում է երկու պետությունների միջև: Նպատակն այն է, որ երբ վտանգ լինի, ռազմական գործողություններ լինեն, պատերազմ սկսվի ՀՀ սահմաններին, այդ ժամանակ մենք կկարողանանք օգտագործել այս պայմանագիրը»,-ասաց Արա Նազարյանը: Պատասխանելով հարցին, թե Հայաստանի օդային սահմանին նվազագույնն ի՞նչ սպառնալիք կարող է լինել, որպեսզի ՀՕՊ պայմանագիրը գործի դրվի, ՊՆ փոխնախարարը հավելեց՝ Հայաստանի Հանրապետության օդային սահմանի ցանկացած խախտման դեպքում: Ըստ առկա ընթացակարգի՝ պրոցեսը սկսում է մինչև 50 կմ-ից: Այն Լեռնային Ղարաբաղի օդային սահմանին չի վերաբերում: Պայմանագրի 7-րդ կետը վերաբերում է պատերազմի ժամանակ զենքի կիրառմանը, և այնտեղ, ըստ Արա Նազարյանի մեկնաբանության՝ կիրառվում է տվյալ պետության ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով: Կարծիքներ կան, որ մենք մեր ինքնիշխանությունը կառավարման հարցում տրամադրում ենք Ռուսաստանին. Արա Նազարյանը հերքում է՝ ասելով, որ այդպես չէ, հայկական կողմն է անում: Արա Նազարյանը` ի պատասխան լրագրողների դիտարկման, որ նախկինում, երբ թուրքական ինքնաթիռները հատեցին ՀՀ օդային սահմանը, ՌԴ-ն չարձագանքեց, նկատեց, թե այ, հիմա արդեն ավելի օպերատիվ կլինի և կառավարման այս համակարգն այդ հնարավորությունը մեզ կտա: Հարցին, որ եթե Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները լավանան, ապա Հայաստանը կկարողանա՞ օգտագործել ռուսական սպառազինություններն ու միջոցները ՌԴ դաշնակիցներ Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ, փոխնախարն պատասխանեց՝ ասելով, թե Ռուսաստանի «դաշնակից» հասկացությունը հարաբերական է, քանի որ համաձայնագրով, եթե մեր օդային սահմանը խախտվի, ՀՀ-ն իրավունք է վերապահում այն կիրառելու: Նա նաև հավելեց որ ՀՕՊ համաձայնագրի դեմ բողոքող քաղաքացիների մասը բարեխիղճ մոլորության մեջ է՝ այս պայմանագրի հարցում:

Նմանատիպ նյութեր