11534 դիտում
16:33 04-06-2016
Պայթյուն Վանաձորի հարկային տարածքային տեսչության շենքի մոտ. նախնական տվյալներով՝ աղբամանի մեջ պայթուցիկ սարք են տեղադրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Վարդանանց 11 հասցեում գտնվող Վանաձորի հարկային տարածքային տեսչության շենքի մոտ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ անհայտ անձը կամ անձինք պայթուցիկ սարք են տեղադրել նշված շենքի աստիճանների վրա տեղադրված աղբամանի մոտ: Պայթյունի հետևանքով վնասվել են շենքի մուտքի դռան ապակիները, ինչպես նաև աստիճանահարթակի ծածկը՝ զգալի չափերի վնաս հասցնելով շինությանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր-ի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Դեպքի հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+