211652_close_icon
views-count2190 դիտում article-date 09:36 03-06-2016

Նժդեհի արձանի տեղադրումը «Ռուսաստանի դեմ դեմարշ» անվանելը շատ մեծ չափազանցություն է. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Վերջերս ես մի քանի տեղ կարդացի, որ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումն իբր վրդովեցրել է ռուսաստանյան որոշ շրջանակների։ Ճիշտն ասած, դա փոքր-ինչ անտրամաբանական եմ համարում, որովհետև վաղուց է հայտնի, որ Նժդեհը արդեն 21 տարի իշխող կամ առնվազն իշխանության մաս կազմող կուսակցության «Լենինն» է։ Ճիշտ է, ինքը՝ մեր ազգի իրական հերոսը, դրանում բացարձակապես մեղավոր չէ նա ազնվորեն է ծառայել ժողովրդին՝ դրսևորելով զրոյական կոնֆորմիզմ, բայց ճակատագրի հեգնանքով հայտնվել է ժամանակակից կոնՖորմիստների դրոշի վրա։ Ի դեպ. Նժդեհի հայացքները հակաբոլշևիկյան էին, բայց ոչ՝ հակառուսական։ Բոլոր դեպքերում այնպես չէ, որ Նժդեհի անունով մենք չունենք արձաններ և այլ «օբյեկտներ»։ Այնպես որ՝ մեր ազգային հերոսի արձանի տեղադրումը «Ռուսաստանի դեմ դեմարշ» անվանելը շատ մեծ չափազանցություն է։ Ուրիշ հարց, որ հիմա պաշտոնական քարոզչությունը Ռուսաստանում (իսկ նման երկրներում քարոզչությունը գրեթե բացառապես պաշտոնական է) թեքվում է Հայաստանի դեմ և ստանում մոտավորապես հետևյալ երանգավորումը. «Դուք ո՞վ դառաք, որ դժգոհեք մեր՝ Ադրբեջանի հետ զենքի բիզնեսից և ընդհանրապես՝ մեր կեցվածքից Ղարաբաղյան հարցում։ Հեսա կկազմակերպենք Ադրբեջանի նոր հարձակում Արցախի վրա, նոր կիմանաք։ Եվ հետո՞ մոռացել եք, որ Ռուսաստանում երկու միլիոն հայ կա, հեսա կտեսնեք նրանց հալը»։ Մի խոսքով՝ շատ հավանական Է, որ «կանացի խալաթի» և պաշտոնական «լրագրողի» մեկնաբանության պատմությունը կրկնվելու է։ Կամ՝ կգտնվեն պաշտոնյաներ, որոնք իրենց թույլ կտան Ռոգոզինից էլ ավելի կոպիտ արտահայտություններ հայերի հասցեին»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր