211652_close_icon
views-count1298 դիտում article-date 16:49 01-06-2016

Եվրոպական ներդրումային բանկը կաջակցի դպրոցների սեյսմակայունության ամրապնդմանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը` Հենզ Օլբերսի գլխավորությամբ: Ողջունելով պատվիրակներին` նախարարը կարևորել է Հայաստանում իրականացվող դպրոցների սեյսմակայունության ամրապնդմանն ու բարձրացմանն ուղղված բանկի ծրագիրը, որը փոխլրացնում է Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի համանման ծրագրերին: "Հուսով եմ Եվրոպական ներդրումային բանկի հետ մեր համագործակցությունը երկարատև կլինի և դպրոցների սեյսմակայունության ամրապնդման այս ծրագրին զուգահեռ մենք հնարավորություն կունենանք իրականացնել կրթության բովանդակային խնդիրներին առնչվող տարատեսակ ծրագրեր` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանկի ծրագրերում բավականին մեծ է բովանդակային ծրագրերի աջակցման բաղադրիչը",-նշել է նախարարը: Անդրադառնալով կրթության բովանդակային խնդիրներին` Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ այժմ նախարարությունում լուրջ գործընթացներ է ընթանում ավագ դպրոցների, բուհական համակարգի բովանդակության վերափոխման ուղղությամբ, լրամշակվում է բարձրագույն կրթության օրենքի նախագիծը: Նախարարն ակնկալել է նշված բովանդակային ծրագրերի առնչությամբ Եվրոպական ներդրումային բանկի աջակցությունը: Խոսելով եվրոպական ընտանիքի ինտեգրման հնարավորությունների մասին` նախարարը տեղեկացրել է , որ վերջերս Հայաստանն անդամակցել է "Հորիզոն-2020" եվրոպական գիտական ցանցին, որը հայ գիտնականների համար մեծ հնարավորություն է ստեղծում գիտական համատեղ ծրագրեր իրականացնելու համար, ուստի գիտական ոլորտի զարգացման գործում ևս ակնկալում է բանկի աջակցությունը: Պատվիրակության ղեկավար Հենզ Օլբերսին իր հերթին հույս է հայտնել, որ այս վարկային ծրագրի վերաբերյալ աշնանը նախատեսվող պայամանագիրը խթան կհանդիսանա Հայաստանի կրթության ոլորտի հետագա համագործակցության արդյունավետ կայացմանը: Միաժամանակ, նա պատրաստակամություն է հայտնել աջակցություն ունենալ նաև կրթության ոլորտի այլ ծրագրերի աջակցման գործում: Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրով նախատեսվում է ապահովել Հայաստանի շուրջ 45 դպրոցի` այդ թվում 15 ավագ դպրոցի սեյսմակայունությունն ու հիմնանորոգումը:

Նմանատիպ նյութեր