211652_close_icon

Աստված ինքն էր առաջնորդում դեպի հաղթանակ. 24 տարի առաջ այս օրը ազատագրվեց Շուշին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count24524 դիտում article-date 09:36 08-05-2016
24 տարի առաջ այս օրը հայկական ռազմական ուժերը առաջին նշանակալից հաղթանակը տարան արցախյան ազատամարտում՝ ազատագրելով հայկական հող Շուշին: Այն ազատագրեց հայ զինվորը՝ չորս հրամանատարների գլխավորությամբ. Գուրգեն Դարիբալթայան, Արկադի Տեր-Թադևոսյան, Սամվել Բաբայան, Ժիրայր Սեֆիլյան: Ռազմական գործողությունը ղեկավարում էր Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը, իսկ հրամանատարական կետերում էին գեներալ-մայոր Գուրգեն Դալիբալթայանը, Սերժ Սարգսյանը, Ռ. Գզողյանը, Զորի Բալայանը, կապը, բուժօգնությունը, հրետանային նախապատրաստությունը, ինժեներական ծառայությունը: Ադրբեջանական կողմի հրամանատարներն էին Էլբրուս և Էլխան Օրուջևները, չեչեն հրամանատար Շամիլ Բասաևը: Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր՝ կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողի վրա հայերի ապրելու իրավունքը, դրանով նաև Արցախյան պատերազմը թևակոխեց որակական նոր փուլ և բեկում մտավ պատերազմում: Ռազմական և տնտեսական տեսանկյունից ևս Շուշիի ազատագրումը անհրաժեշտություն էր, քանի որ Շուշին այդ հեռավոր օրերին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող թիվ 1 կրակակետի. 1991 թ. նոյեմբերից մինչև 1992 թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել էր շուրջ 4740 արկ, որից մոտ 3 հազարը «Գրադ» կայանքներից: Բացի այդ, ցամաքային և օդային ճանապարհների շրջափակման, էլեկտրաէներգիայի, գազի ու խմելու ջրի պակասի և Շուշիից անընդհատ հրթիռակոծությունների պատճառով Ստեփանակերտում ու հարակից բնակավայրերում, ինչպես նաև ողջ հանրապետությունում կաթվածահար էր եղել տնտեսությունը: Շուշիի ազատագրման ռազմական գործողությունը արդեն իսկ մտել է պատմության և մասնագիտական դասագրքերում որպես մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն՝ ՙՀարսանիք լեռներում̕՚ անվանումով: Անվանման պատճառն այն փաստն էր, որ այդ ժամանակվա ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելու համար դեռ վաղ է, որ դրան պետք է լավ պատրաստվել: Կոմանդոսը հետագայում շատ անգամ պատմել է, որ այդ օրը Վազգենին խոստացել է գրավել Շուշին, ապա լեռներում կազմակերպել նրա հարսանիքը: Երբ մայիսի 8-ին, ժամը 02:30-ին սկսվեց գործողությունը, Կոմանդոսի ողջ ջոկատը՝ կազմված 3800 հոգուց, բաժանվեց 5 խմբերի` կազված 615-ական մարտիկներից: Շուշիի ուղղությամբ սկսվեց հրետանային պատրաստությունը, ապա գրոհը քաղաքի վրա: Գնդապետ Արկադի Կարապետյանի գումարտակը 400 զինվորով սկսեց հարձակումը Շոշ գյուղի կողմից: Հյուսիս-արևելյան ուղղությունը գրոհեց Աշոտ Ղուլյանի 1-ին վաշտը: Արևելքից հարձակումը սկսեց Դուշման Վարդանի վաշտը, որն իր զինվորներով արդեն առավոտյան քաղաքի մերձակայքում էր: Հարավից գրոհեցին աֆղանական վետերաններ Նվեր Չախոյանի վաշտը և Ժիրայր Սեֆիլյանի ու Աշոտ Խաչատրյանի գումարտակները: Միևնույն ժամանակ 400 մարտիկներից բաղկացած առանձին ջոկատը գնդապետ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ շրջանցեց քաղաքը և մոտեցավ հարավ-արևմուտքից` ազատագրելով Քուսար, Բաշքենդ, Ջավադլար և 17 այլ գյուղեր: Արթուր Առաքելյանի 100 հոգանոց ջոկատն ազատագրեց Ստորին Զարիսլոն, իսկ Ալբերտ Ալավերդյանի ջոկատը` Վերին Զարիսլոն: Արդեն առավոտյան նրանց միացավ Վալերի Չիտչյանի գումարտակը: Հենց այդ գումարտակի 4-րդ վաշտին բախտ վիճակվեց առաջինը մտնել քաղաք: Շուշին ազատագրվեց 26.5 ժամում, այդ օպերացիային պատրաստվել էին շատ ամիսներ, և պարտվելու տարբերակ ուղղակի չկար: Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, որը օրհնել էր Շուշիի ազատագրման օպերացիան, հետագայում պիտի ասեր. «Ի՞նչն է հետաքրքիր. մի քանի անգամ գործուղությունների սկիզբը հետաձգվել էր եւ դա զարմանալիորեն կատարվեց Խաչի երևման օրերին: Հայտնի է, որ 357 թվականի մայիսի 7-9-ը Երուսաղեմում խաչը 3 օր ու գիշեր երեւացել էր երկնակամարին ու Աստծո միաջամտությա՞մբ չէ՞, արդյոք, որ հենց այդ օրերին կատարվել է Շուշիի ազատագրման գործողությունը: Աստված ինքն էր մեզ առաջնորդում դեպի հաղթանակ: Ռազմական գործողությունից առաջ մենք բոլոր զինվորներին խաչեր բաժանեցինք, նույնիսկ զրահատեխնիկայի վրա էին զինվորները խաչեր նկարում: Նրանք հավատով էին գնում մարտի: Ու Տիրոչջ կամոք մենք նվազագույն կորուստներով հասանք հաղթանակի: Դա հրաշագործություն էր»: Ստորև՝ Շուշիի ազատագրման երգը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր