211652_close_icon
views-count1608 դիտում article-date 17:52 06-05-2016

Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաները ԱՄՆ-ում մեկամսյա հյուրախաղերից հետո Երևանում են

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաները Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկամսյա հյուրախաղերից հետո վերադարձել են Երևան: Գլենդել քաղաքի հեղինակավոր «Ալեքս» թատրոնում երեխաները 3 անգամ լեփ-լեցուն դահլիճում ներկայացրել են Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան: Բացի այդ, եկեղեցում երեխաները կատարել են «Պատարագ առ Կոմիտաս» համերգ- ներկայացումը: Երաժշտական դպրոցի սաները մասնակցել են նաև ապրիլի 24-ին մատուցված Սուրբ պատարագին: Այցի ընթացքում դպրոցի պատվիրակությունը հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ: Շնորհավորելով երեխաներին՝ թեմի առաջնորդն ընդգծել է մշակութային կրթօջախների ստանձնած առաքելության դերն ու կարևոր այն նախաձեռնությունները, որոնք նոր շունչ են տալիս մշակութային ժառանգությանը: «Սա բացառիկ իրադարձություն էր Ամերիկայի հայ համայնքի կյանքում: Առաջին անգամ է, որ Երևանի դպրոցի սաները հյուրընկալվել են Միացյալ Նահանգներում հյուրախաղերով: Հուսով եմ, որ տաղանդավոր այս երեխաները, որպես հայ մշակույթի դեսպաններ, կշարունակեն իրենց առաքելությունը», - նշել է Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Հանդիպման ընթացքում երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ  Գևորգյանը, շնորհակալություն հայտնելով պաշտոնական հրավերի և ցուցաբերած աջակցության համար, նշել է, որ դպրոցը կարևորում է մշակութային ժառանգության պահպանումն ու տարածումը և այսուհետ ևս շարունակելու է պարբերաբար հանդես գալ նման հետաքրքիր մտահղացումներով: «2015 թվականին, երբ տոնում էինք դպրոցի հիմնադրման 65-ամյակը, Շաքե Աշչյանի վոկալի դասարանի սաները ներկայացրեցին այս բեմադրությունները, և պատկերացնել անգամ չէինք կարող, որ նման հաջողություն կունենան: Այցն ու այս օրերի տպավորությունները դրոշմվեցին երեխաների հիշողություններում, ինչի համար շնորհակալություն պետք է հայտնեմ ամերիկաբնակ Սիլվա և Կարո Կավուկչյաններին և ծրագրի պրոդյուսեր Արման Նշանյանին, որոնց շնորհիվ էլ այսօր այստեղ ենք: Պետք է նշեմ նաև, որ ստեղծագործելու և նոր մտահղացումներն իրագործելու հարցում մշտապես մեր կողքին է Երևանի քաղաքապետարանը և հենց այդ մշտական ուշադրության ու աշխատանքի շնորհիվ է, որ դպրոցը պարբերաբար հանդես է գալիս նոր նախաձեռնություններով: Երևան վերադառնալուն պես մեր այցն անպայման տեղ կգտնի դպրոցի արխիվի կարևորագույն իրադարձությունների էջերում», - նշել է Անահիտ Գևորգյանը: Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաներն այցի ընթացքում մասնակցել են նաև բարեգործական համերգների, որոնց ամբողջ հասույթն ուղղվելու է բժշկական օգնության կարիք ունեցող հայաստանաբնակ երեխաների բուժմանը, ինչպես նաև՝ ապրիլի սկզբին առաջնագծում զոհված զինծառայողների ընտանիքներին: Կալիֆորնիայի նահանգապետի կողմից երաժշտական դպրոցը, տնօրենն ու միջոցառումների մասնակից սաները պարգևատրվել են պատվոգրերով: Արդեն Երևանում դպրոցի աշակերտները, պատմելով այցի մասին իրենց տպավորությունները, նշել են, որ դրանք համարում են իրենց կյանքի լավագույն և կարևորագույն օրերից մեկը, քանի որ պատիվ են ունեցել տիգրանյանական գլուխգործոցն ու Կոմիտասի երգերը ներկայացնելու ամերիկահայ հանդիսատեսին:

Նմանատիպ նյութեր