«Անալիտիկ» կայքի տնօրենի ձերբակալությունը կարող է ներիշխանական լուրջ աղմուկի առիթ դառնալ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը շորթման կասկածանքով նախօրեին ձերբակալել է «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին և նրա աշխատակցին։ Նրանք մեղադրվում են ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից 300 հազար դրամ շորթելու մեջ։ Մինչ լրատվական դաշտը երեկ ողջ օրը փորձում էր հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, երեկոյան արդեն հայտնի դարձավ, որ այս պատմության հետ կապված հերթական միջգերատեսչական բախումն է սկսվել։
Բանն այն է, որ դեպքը բացահայտել է ոստիկանությունը և ամբողջական փաթեթով այն տրամադրել է ՀՀ քննչական կոմիտեին, որն էլ երեկ սկսել է քննել քրեական գործը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ որ երեկոյան ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը գործը պահանջել է հանձնել իրեն։ Նա կորոշի՝ ում վստահել այս գործի քննությունը։ Իսկ այս պատմությունը կարող է հեռու գնացող զարգացումներ ունենալ։ Ըստ լուրերի՝ ձերբակալված տնօրենը խոստացել է թվարկել բոլոր այն պաշտոնյաների անունները, որոնց հետ համագործակցել է, և որոնք իրեն ուղղորդել են։ Այլ կերպ ասած՝ այս գործը կարող է ներիշխանական լուրջ աղմուկի առիթ դառնալ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]