Չեմպիոնների Լիգա. Գվարդիոլան նորից չհաղթահարեց իսպանական արգելքը. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին», սակայն դա եզրափակիչ դուրս գալու համար բավարար չէր, քանի որ առաջին խաղում Դիեգո Սիմեոնիի թիմը հաղթել էր 1:0 հաշվով և դրսում խփած գոլի կանոնի հաշվին կխաղա Միլանում կայանալիք եզրափակիչ հանդիպմանը:
Այս անհաջողության համար մյունխենցիները միայն իրենց կարող են մեղադրել: Բազմաթիվ գոլային պահեր, չիրացրած 11 մետրանոց հարված, բացահայտ առավելություն, ամեն ինչ «Բավարիայի» ձեռքում էր, սակայն «Ատլետիկոն» հերթական անգամ բացառիկ կամային հատկանիշներ ցուցադրելով, կարողացավ դիմանալ Գվարդիոլայի թիմի ճնշմանը և ամենակարևոր պահին Գրիզմանի գոլի շնորհիվ անհրաժեշտ հաշիվ ստանալ:
Սա «Բավարիայի» մարզչի պաշտոնում Գվարդիոլայի վերջին հնարավորությունն էր հաղթել Չեմպիոնների Լիգայում, սակայն երրորդ անգամ անընդմեջ նրա ճանապարհը կիսաեզրափակիչում կանգեցվեց իսպանական ակումբի կողմից. «Բարսելոնա», «Ռեալ» և այժմ էլ «Ատլետիկո»:
«Ատլետիկոն» եզրափակիչում է և կսպասի իր մրցակցին, որը կորոշվի Մադրիդի «Ռեալի» ու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դիմակայությունում: Այստեղ առաջին խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի` 0:0:
[b]Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում
[/b]
«Բավարիա» - «Ատլետիկո» ՝ 2:1 (առաջին խաղ՝ 0:1)
Գոլերը. Խաբի Ալոնսո, 31, Ռոբերտ Լևանդովսկի, 74 – Անտուան Գրիզման, 54
Չիրացված 11 մետրանոցներ՝ Թոմաս Մյուլեր, 34 («Բավարիա») – Ֆերնանդո Տորես, 84 («Ատլետիկո»)